Մատչելիության հղումներ

Ջրառատում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննության կատարումը Քննչական կոմիտեի նախագահի կողմից հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

«Նախնական տվյալներով՝ ժամը 13։30-ից 14-ի սահմաններում Ջրառատ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ ինքնաձիգից հնչել են կրակոցներ։ Միջադեպի հետևանքով՝ երեք անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Ըստ բժշկական նախնական հետազոտության արդյունքների՝ տուժածներից մեկը հրազենային վնասվածք է ստացել ոտքի շրջանում, երկրորդը՝ կտրող-ծակող առարկայի գործադրմամբ՝ մեջքի շրջանում, երրորդը՝ ձախ ձեռքի կոտրված։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 112-րդ, 258-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով», - գրել է Տռուզյանը՝ նշելով, որ ստեղծվել է քննչական խումբ։

«Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը՝ փորձագետների հետ միասին, իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ վիճաբանության շարժառիթը, մասնակիցների շրջանակը պարզելու համար, քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ», - տեղեկացնում է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG