Սուրիկ Խաչատրյանին պաշտոնից ազատելու առաջարկը նորանշանակ վարչապետինն էր

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում այսօր ասաց, որ Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու առաջարկը նախարարությունը ստացել է վարչապետ Կարեն Կարապետյանից:

Հիշեցնենք, որ նոր կառավարության առաջին նիստի առաջին որոշումը եղավ հենց մի շարք աղմկահարույց պատմությունների կիզակետում Սուրիկ Խաչատրյանին իր դիմումի համաձայն Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելը, թեև այդ հարցը օրակարգում 20-րդն էր: Այն ժամանակ անգամ վարչապետը զարմացավ Լոքյանի շտապողականությունից, իսկ ինքը՝ նախարարը չմանրամասնեց, թե ով և երբ է իրեն այդ հանձնարարականը տվել։

«Սուրեն Խաչատրյանի ազատման խնդիրը վարչապետի առաջարկն է եղել, քննարկվել է նաև մեզ հետ, և իրականացվել է այդ փոփոխությունը», - ի պատասխան «Ազատության» հարցին ասաց նախարար Լոքյանը:

Դաշնակցական Լոքյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք իր գործունեությունից ՀՅԴ կարող է քվեներ շահել առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Նախարարը խորհուրդ տվեց սպասել մինչև ապրիլ․ - «Ի՞նչ է շահում Դաշնակցությունը, կամ ի՞նչ է կորցնում․ դա ժողովուրդը պետք է գնահատի ընտրություններում: Եվ ընտրությունների արդյունքում մենք կարող ենք ձևակերպել ձեր հարցի պատասխանը: Ես չեմ ուզում ապագոռգոռ հայտարարություններ անել»։

Իսկ հարցին, թե գուցե արդեն հստակ հանձնարարականներ կան մարզերում իշխող կուսակցության գաղափարական քարոզը իրականացնելու համար, Լոքյանն արձագանքեց․ - «Ինձ չեն կարող այդպիսի բան հանձնարարել: Ես այլ կուսակցության ներկայացուցիչ եմ: Ինձ միայն հանձնարարված է, որպեսզի մարզպետների հետ միասին մենք ապահովենք ընտրությունների նախապատրաստման բնականոն պրոցեսը»:

Նախարարության ծրագրերից Լոքյանն առանձնացրեց կարևորներից և մաշտաբայիններից մեկը՝ վարչատարածքային բարեփոխումների գործընթացը, որի շրջանակում 2016-ին 140 համայնքի միավորմամբ արդեն իսկ ձևավորվել է 18 խոշորացված համայնք։

Ծավալուն ներկայացնելով համայնքների խոշորացման ծրագիրը՝ Լոքյանը խոսեց ֆինանսական ներդրումներից, դրամաշնորհներից, օպտիմալ կառավարումից և տնտեսական փաթեթներից։

Նախարարին հիշեցնելով, որ գյուղացիների գերակշիռ մասը դեմ է համայնքների միավորմանը՝ «Ազատությունը» հարց ուղղեց, թե արդյոք հաշվի առնելու են նրանց կարծիքը:

Ի պատասխան Դավիթ Լոքյանն ասաց, թե դժգոհությունը գալիս էր անտեղյակությունից․ - «Երբ մարդիկ հասկանում են, որ հաստիքների կրճատում տվյալ համայնքներում չի լինում, պարզապես ձևական օպերատորը փոխվում է, ենթադրենք, անասնաբույժով, կամ բոլոր համայնքներում գոյություն ունեցող գնումների մասնագետը, որը գնելու ոչ մի բան չունի, քանի որ փող չկա այդ համայնքում, փոխվում է փականագործով, որը պետք է այդ գյուղի ջրի խնդիրը կարգավորի: Կամ տրանսպորտային օպերատորով է փոխվում, որը ապահովում է այդ խնդիրները, իրենք վերջնականապես հասկանում են»:

«Եկան նման խոստումներ տվեցին, բայց դրանցից ոչ մեկը մինչև այսօր չի իրականացել: Ավելին՝ կրճատվել են աշխատատեղերն ու գյուղը սկսել է դատարկվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց խոշորացված համայքներից Տավուշի մարզի Ոսկեպարի նախկին գյուղապետ Երվանդ Եգանյանը։ Նրա խոսքով՝ սա կործանարար ծրագիր է, որին թե՛ իրենք, թե՛ Բարեկամավանի, Կոթիի ու Բաղանիսի բնակիչները դեմ էին ի սկզբանե։

«Կանխատեսում էին աշխատատեղերի կրճատում: Մեր նախարարը և մնացած փորձագետները հակառակն էին համոզում: Փաստորեն դա տեղի ունեցավ: Հիմա 30-40 տոկոսով էս խոշորացված համայնքների աշխատատեղերը կրճատվել են», - ասաց նա:

Նախկին գյուղապետն ասոմ է, թե Լոքյանի այն խոստումները, թե ներդրումներ են լինելու, դրամաշնորհներ են ստանալու, էլեկտրոնային համակարգ է ներդրվելու, այդպես էլ մինչև օրս կյանքի չեն կոչվել։ Ավելին, ըստ Եգանյանի, այն գյուղապետերը, որոնք դեմ էին ծրագրին հետագայում ազատվեցին պաշտոնից․ - «Մինչև անգամ ասեցին, որ որպես նոր ձևավորվող փնջեր, պետք է հին աշխատողները՝ գյուղապետից բռնած մնան՝ անկախ նրանից, թե ինչ դիրքորոշում կբռնեն․․․ Փաստորեն էդ էլ սուտ դուրս եկավ»:

Պաշոտնից չի ազատվել, բայց միևնույն է խոշորացումից գոհ չի նաև Բաղանիս բնակավայրի լիազոր ներկայացուցիչ Նարեկ Սահակյանը: «Ազատության» հետ զրույցում նա հիշեցրեց, որ գյուղացիները պայքարեցին, անգամ միջպետական ճանապարհը փակեցին։

Ինչ վերաբերում է նախարարի խոստումներին, դրանք դեռ շոշափելի չեն նաև այստեղ․ - «Դա խոստումներ ա․․․ որ դրամաշնորհային ծրագիր կլինի Եվրախորհրդի, միջհամայնքային ավտոբուսներ կգործեն, ճանապարհների սպասարկման որակը կլավանա»:

Ի դեպ, Տարածքային կառավարման նախարարն այսօր նշեց, որ հանրապետությունում կա 235 բնակավայր, որտեղ չկա ամենօրյա տրանսպորտային երթևեկություն, վատ են ճանապարհները՝ հավելելով, որ դրանց ամբողջական լուծումը առայժմ վեր է իրենց ուժերից։