Մատչելիության հղումներ

«Խոշորացում մեզ պետք չի․ մեզ պետք ա խաղաղություն»


Դավիթ Լոքյանը (կ) զրուցում է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչների հետ: 21-ը հունիսի, 2016 թ․
Դավիթ Լոքյանը (կ) զրուցում է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչների հետ: 21-ը հունիսի, 2016 թ․

Այսօր Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը սահմանամերձ Ոսկեպար գյուղ էր այցելել։

Համայնքները խոշորացնելու կառավարության ծրագրին դեմ հանդես եկող ոսկեպարցիներն ու հարևան գյուղերի բնակիչները երեկ մայրուղի էին փակել:

88-ամյա ոսկերպարցի Հրանտ Բադալյանի պնդմանը, թե գյուղը կորցնել չեն ցանկանում, նախարարը հակադարձեց՝ 18 միլիոն դրամի փոխարեն շուրջ 400 միլիոնի բյուջե կստեղծվի, և խնդիրներն ավելի արդյունավետ կլուծվեն:

Նախարարի հետ հանդիպումը շարունակվեց գյուղի Մշակույթի պալատում: Հանդիպմանը ոչ միայն ոսկեպարցիներ, այլև սահմանամերձ այլ գյուղերի բնակիչներ էին հավաքվել։

Նախորդ շաբաթ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է 118 համայնք միավորել 15-ի մեջ։

Տավուշում 19 համայնքների փոխարեն երեք համայնք կստեղծվի։ Սահմանամերձ Բաղանիս, Բարեկամավան, Դովեղ, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան և Ջուջևան համայնքները Նոյեմբերյան քաղաքին կմիացվեն։

Կոթիի բնակիչ Արթուր Մանթաշյանը նախարարին հարցրեց՝ արդյո՞ք հնարավոր չէ ծրագիրը սահմանամերձ գյուղերում հետաձգել։ Դավիթ Լոքյանը պատասխանեց․ - «Այսօր խոշորացում չեղավ ձեզ մոտ, դա լինելու է ամբողջ երկրով մեկ 2017 թվականի աշնանը: 17 թվականի վերջին Հայաստանի Հանրապետությունը էս ռեֆորմը պետք է ավարտի: Դա ուզել-չուզելով չի»:

Արդեն հանդիպումից հետո «Ազատության» հետ զրույցում նախարարը նշեց, որ իրենք հենց գյուղերի սոցիալական վիճակը բարելավելու համար են նման ծրագիր նախաձեռնել․ Ոսկեպարում, օրինակ, պատրաստվում են սառնարանային տնտեսություն հիմնել․ - «Քննարկումների արդյունքում միջազգային կազմակերպությունների հետ միասին մենք հանգեցինք մի բանի, որ զուգահեռացնենք էս ծրագրերը և որոշակի հոսքեր ուղղենք Նոյեմբերյանի տարածաշրջան: Հատկապես այս կտորը, որը սահմանին մոտ է, ամեն օր պրոբլեմ ունի․․․ գուցե ժողովուրդը չկարողացավ ընկալել, որ 18 միլիոն դրամով էս գյուղը ինչ պիտի անի: Պետությունը 18 միլիոն դրամ տալիս ա, մենք աշխատավարձ ենք բաժանում ստեղ, փոքր-մոքր ինչ-որ բաներ ենք անում․․․ Աշխարհն անցել է էս ճանապարհը»:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի խոսքով, իրենք գյուղացիների հետ դեռ կշարունակեն քննարկել համայնքների խոշորացման հարցը, որպեսզի «ժողովուրդը ավելի իրազեկված լինի, թե խոշորացումը ինչ լավ արդյունքների կտանի իրենց»:

Գյուղացիները, սակայն, նշում էին, որ հանդիպումների ու քննարկումների այլևս չեն ուզում մասնակցել։ Հանրապետության նախագահին դիմելու համար նրանք ստորագրահավաք են կազմակերպել, նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին են պատրաստվում դիմել։

Մարզի մեկ այլ համայնքում՝ Բերդավանում դեմ են Կողբ գյուղի հետ միանալ։

«Ուղղակի մեր ինքնասիրությանը կպչում ա, որ մենք բերդավանցի ենք, հազար տարի եղել ենք, հմի պետք ա մեր պատասխանը ուրիշը տա․․․ խի՞: Իմ անունը թող իմ Բերդավանը մնա, ներդրումդ արա», - «Ազատության» հետ զրույցում փաստարկեց բերդավանցիներից մեկը:

Գյուղացիները պնդում են՝ սահմանային համայնքներում բնակվողների ցանկությունը մեկն է՝ «Խոշորացում մեզ պետք չի, մեզ պետք ա խաղաղություն»։

XS
SM
MD
LG