Խորհրդարանական ընդդիմությունը խիստ քննադատության է ենթարկում 2017-ի բյուջեի նախագիծը

Ընդդիմադիր խմբակցությունները մեկը մյուսի հետևից հայտարարում են, թե դեմ են քվեարկելու Կարեն Կարապետյանի Կառավարության բերած փաստաթղթին:

«Սա երկրի շարունակական քայքայման ծրագիր է», - գնահատեց ՀԱԿ (Հայ ազգային կոնգրես) խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ շարունակելով․ - «Ամենաարդյունավետ կերպով մսխելու եք այս երկրի վերջին հնարավորությունները: Էն փաստաթուղթը, որ դուք բերել եք, դա իրականում հրաժարականի մանիֆեստն է: Վեց ամիս էլ մի՛ չարչարեք ժողովրդին, հիմա հրաժարական տվեք, որ իշխանության գան այն ուժերը, ովքեր գիտեն երկրի զարգացման բանալին՝ մենաշնորհների վերացումը, հարկային բեռի թեթևացումը, ներդրումների խրախուսումը և այլն, և այլն․․․ այդ ծրագիրը Հայ ազգային կոնգրեսը ունի»:

Զուրաբյանին տեղից հակադարձեց խորհրդարանի հանրապետական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը․ - «Էլ ոչ մի արգումենտ չի մնացել․ մնացել ա խնդրելը: Եկել եք, աղերսում եք»:

Պատգամավոր Արամ Մանուկյանը պետական ուռճացված ապարատից մի քանի օրինակ բերեց․ - «Բաբկեն Արարքցյանը ուներ 2-3 օգնական, խորհրդական, Գալուստ Սահակյանը ունի 20 ռեֆերենտ, խորհրդական, օգնական: Դուք գիտե՞ք, որ մենք ունենք 1100 հարկային տեսուչ, սպասարկում են 80 հազար հայաստանյան կազմակերպություն: Վրաստանում կա 1400 տեսուչ, բայց իրենք սպասարկում են 413 հազար կազմակերպություն»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հեգնեց, թե նախագծում լավ լուր կա՝ Զորի Բալայանին ծովագնացության զարգացման ու հայկական առաջին տիեզերական արբանյակը սարքելու համար փող նախատեսված չէ, ապա հավելեց․ - «Գեղեցիկ բառեր բոլորս էլ կարող ենք ասել: Կարևորը գործողությունն է, որը մենք չենք տեսնում: Շատ պարզ քայլեր է պետք անել․ ստվերը բերել խավարից լույս և մենաշնորհների դեմ պայքարելու համար․․․ որը չի արվում: Կարո՞ղ է այս կառավարությունը կտրել այն արատավոր ճյուղը, որի վրա հենվելով իշխանությունը անընդհատ վերարտադրվում է»:

«Օրինաց երկիր»-ը նույնպես հավանություն չի տալու փաստաթղթին՝ հայտարարեց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը․ - «Նախագիծը ցույց է տալիս, որ հաջորդ տարի տնտեսության մեջ դրական փոփոխություններ չեն ակնկալվում: Հետևաբար առաջիկա տարիներին ժողովուրդը ավելի լավ ապրելու հույսեր չի կարող ունենալ: Մեր խմբակցությունը կողմ չի կարող լինել նման բյուջեին»:

Հանրապետականի իշխանական գործընկեր Դաշնակցությունում տրամադրությունները հոռետեսական չեն: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց․ - «Բյուջեի ծավալները իսկապես համեստ են: Բայց շատն էլ կարելի ապաշնորհ վարչարարության ու մսխումների դեմը չառնելու պարագայում փոշիացնել և նվազագույն արդյունքներ գրանցել: Իսկ որակյալ և հմուտ կառավարման դեպքում քչով էլ կարելի է բարձր արդյունքների հասնել: Մենք կողմ ենք քվեարկելու պետական բյուջեին»:

Ի պատասխան երեկ և այսօր հնչած քննադատությանը, «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը անվերապահ աջակցություն հայտնեց գործադիրին․ - «Մենք ողջունելով կողմ ենք քվեարկելու և հորդորում ենք նաև մեր գործընկերներին, որ կարողանան վերջ ի վերջո դրականը նկատել: Այսպես առաջ չենք կարող գնալ․ միայն քննադատություններով և դրականը չնկատելով»:

Կուսակցական գործընկերոջը լրացրեց Էդուարդ Շարմազանովը․ - «Խոստումնալից բյուջե է, և այս բյուջեի կայունացման ֆոնից հետո 18 թվականին, ես համոզված եմ, մենք կունենանք լավ պայմաններ տնտեսության զարգացման համար»:

Փաստաթուղթը քվեարկության կդրվի Ազգային ժողովի հաջորդ քառօրյա նիստերին: