Նրա խոսքով՝ քանդվել է երեք մասնաշենքերից միայն մեկը․ - «Քանդել ենք ուղղակի մեջի հատվածը, որը ուղղակի ամոթ էր պահել: Եթե մեկը կապացուցի, որ այս բետոնը պատմամշակութային և հիշողության արժանի բան ա, վերականգնեմ»:
Տպարանի շենքը «Աստորիա ինվեստ» փակ բաժնետիրական ընկերությանն է պատկանում: Մի քանի ամիս առաջ Գենիկ Կարապետյանը գնել է բաժնետոմսերի մեծ մասը, և որոշել է այստեղ հյուրանոց կառուցել:
Նախ ճշտել է Մշակույթի նախարարությունից, որ շենքը պատմամշակութային հուշարձանների ցանկում չէ, ապա դիմել է ճարտարապետներին: Ըստ սեփականատիրոջ՝ բոլորն առաջարկել են շենքը հիմնահատակ քանդել: Ինքը, սակայն, այլ որոշում է կայացրել՝ պահպանել շենքի՝ իր կարծիքով ճարտարապետական արժեք ներկայացնող երկու հատվածները, վերանորոգել դրանք, իսկ արդեն պայթեցված երրորդ մասնաշենքի փոխարեն 9-հարկանի նոր շենք կառուցել՝ դիմացը կանաչ տարածքով:
Մշակույթի նախարարի հարցազրույցում արտահայտած մտքին, թե իրենք անզոր են, քանի որ շենքը սեփականատեր ունի, Կարապետյանը հակադարձում է՝ սեփականատերը պետք է հաշվի առնի քաղաքի ճարտարապետությունը․ - «Սեփականատերը իրավունք չունի իրա սեփականությունում անել իրա ցանկացածը, որովհետև դա ամբողջ քաղաքինն է, հատկապես քաղաքի կենտրոնը: Քաղաքի կենտրոնում սեփականատերը պիտի անի այն, որը համահունչ է շրջապատին և չի խանգարում քաղաքի ընդհանուր թամանյանական ոճին և դրվածքին: Հիշողության մասին․ հիշողությունը մարդու ամենամեծ հարստությունն է, և ինձ համար դա բարձրագույն կատեգորիա է: Ուղղակի ես խնդրում եմ, պարոն նախարարը իմանա, որ մենք իրա հիշողությունը բացարձակապես չեն աղավաղել»:
«Աստորիա-ինվեստ» ընկերությունը հյուրանոց կառուցելու նպատակով նախագծման թույլտվություն ստացել է այս տարվա հուլիսին Երևանի քաղաքապետարանից: Ուշագրավ է, որ մինչև տարածքում որևէ բան կառուցելու թույլտվություն տալը, քաղաքապետարանը ընկերությանը տվել է մասնաշենքերից մեկը քանդելու թույլտվություն:
Կառուցապատման նախագիծը վաղը քննարկվելու է Հայաստանի ճարտարապետների միությունում:
«Քանի որ նա ասել ա, որ էն երկու կարևոր մասնաշենքերը, որոնք պահպանվել են, պետք է ներառվեն ապագա նախագծերի մեջ, հնարավոր ա, որ գանք ինչ-որ մի բանի: Ես ուզում եմ ասել, որ կառուցապատողները շատ շտապում են: Դրանից ավելի ա վատթարանում իրանց վիճակը: Էս քսան տարում բոլոր կառույցները արվել են նման վիճակում, սկզբից արվեն են, հետո նոր քննարկումներ եղել են թե չեն եղել, ընդվզումներ են եղել: Էն դեպքում, երբ որ գոնե մի տարի պետք ա քննարկվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Ինչ վերաբերում է շենքի քանդման եղանակին, ապա դրան այսօր անդրադարձել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով խստագույնս պատժել բոլոր նրանց, ովքեր թերացել են իրենց աշխատանքում և քաղաքացիներին պատշաճ կերպով չեն զգուշացրել սպասվող պայթեցման մասին․ - «Հո փորձադաշտ չի՞: Սա վայեննի պոլիգո՞ն ա, ինչ ա: Իրականում էն տպավորությունն ա, որ էս քաղաքում ով ինչ ուզենա, կարա անի»:
Գենիկ Կարապետյանն ասում է, որ պայթեցնելու որոշումը եղել է շինարարությունն իրականացնող ընկերությանը, երբ մեկուկես ամիս շարունակված քանղման աշխատանքներից հետո հասկացել են, որ հին շենքում մեծ էր փլուզման վտանգը: Շինարարական ընկերությունը պայթեցման աշխատանքը պատվիրակել է համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությանը: