Մատչելիության հղումներ

«Մեր պատմությունը մեր ձեռքով քանդում ենք»


Երեկ Երևանի կենտրոնում պայթեցման եղանակով քանդվել է քաղաքում առաջին տպարանի 100-ամյա շենքի մի մասը:

Քաղաքապետի խոսնակ Արթուր Գևորգյանի փոխանցմամբ, Երևանի առաջին տպարանի շենքի այդ հատվածը քանդվել է քաղաքապետարանի թույլտվությամբ․ տեղում կառուցվելու է բազմաֆունկցիոնալ շինություն։

Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանն ասաց, թե իրենք անզոր են այս հարցում․ Ալեքսանդր Թամանյանի և Նիկոլայ Բաևի կառուցած շենքը պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանների ցանկում չէ, ունի սեփականատեր․ - «Եթե չեն ներառել, ուրեմն արժեք չէ»:

Դիտարկմանը, որ շենքի հեղինակները Թամանյանն ու Բաևն են, որ այդ շենքում գործել է Երևանի առաջին տպարանը, նախարարը հակադարձեց․ - «Երևանի շենքերի 90 տոկոսը Թամանյանն է ճարտարապետը․․․ Ի՞նչ անենք»:

«Անգամ պետականորեն պահպանվող հուշարձանների ցանկում գտնվելը չի փրկում հին Երևանը ոչնչացումից․ Աֆրիկյանների շենքը դրա վառ օրինակն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Այլ Երևան» նախագծի հետազոտող Նունե Խուդավերդյանը:

Այս նախագիծը քարտեզագրում է Երևանի պատմական շենքերը՝ նշելով ճարտարապետին, կառուցման տարեթիվն ու տեղադրելով լուսանկարը: Դեռևս կանգուն շենքերի լուսանկարները գունավոր են, քանդվածներինը՝ սև-սպիտակ, վրան խաչ քաշած:

«Էս արդեն 3-րդ թե 4-րդ շենքն ա էս տարի, որ ես իմ ձեռքով սև-սպիտակ եմ դարձրել», - ցավով ասաց Նունե Խուդավերդյանը:

Երևանցիներն այսօր նախկին տպարանի շենքի մոտով անցնելիս հայացքով փնտրում էին ծանոթ շենքն ու տարակուսած անցնում՝ այն իր տեղում չգտնելով:

«Ամեն ինչ կպատկերացնեի, բայց ոչ քանդել», - ասաց միջին տարիքի մի կին:

Ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը, ով 2003 թվականից վավերագրում է հին Երևանը, որի շատ շենքեր արդեն հողին են հավասարվել, ով պայքարել է նաև Երևանի պատմամշակութային արժեքների պահպանության համար, «Ազատությանն» ասաց․ - «Էլի հյուրանոց սարքեիք, էլի ռեստորան․․․ բայց շենքին ձեռք մի տվեք: Կարելի է էդ ամեն ինչը անել՝ առանց տրաքացնելու, առանց էքսկավատորների միջամտության․․․ Բոլոր երկրներում մարդիկ ուղղակի չեղած տեղից պատմություն են ման գալիս՝ հորինեն, որպեսզի տուրիզմ զարգացնեն: Մենք մեր պատմությունը մեր ձեռքով քանդում ենք, հետո ասում ենք՝ ոչինչ չունենք, բա ո՞ւր ա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG