«Նաիրիտ»-ում մնացած աշխատակիցները պահանջում են չվճարված աշխատավարձը

Հարկադիր պարապուրդի մատնված «Նաիրիտ» գործարանում այժմ ընդամենը 260 աշխատող է մնացել, որոնք չորս ամիս աշխատավարձ չեն ստացել:

Գործարանում մնացած ու քիմիական հսկայի անվտանգություն ապահովող աշխատողներն այսօր վաղ առավոտից Կառավարության շենքի մոտ էին, պահանջում էին հանդիպում Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի հետ։

«Նորընտիր վարչապետն ասում է՝ մարդկանց բարեկեցիկ կյանքի մասին ենք մտածելու: Է՞ս ա բարեկեցիկը, չորրորդ ամիսն ա՝ աշխատավարձ չեն տալիս, ութսուն հազարով աշխատում ենք», - ասաց ցուցարարներից մեկը:

«Կամ պետք ա մեզ աշխատավարձ տան, կամ էլ էդ գործարանը փակեն՝ հա՛մ մենք պրծնենք, հա՛մ էլ իրանք պրծնեն: Չի կարելի մարդկանց սենց տարիներով քթից, ականջից քաշ տալով քցել փողոցները», - հավելեց նրա գործընկերը:

Մեկուկես ժամ տևած բողոքից հետո Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի աշխատակազմի ղեկավարն ու օգնականն ի վերջո հանդիպեցին նաիրիտցիների խմբին։

Գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանի խոսքով, իրենց ասացին, որ աշխատավարձը վճարելու համար կառավարությունը գումար է փորձում գտնել։

«Մինչև հիմա աշխատավարձը մեզ տվել են Որոտանի կասկադի ինչ-որ գումարներ, որոնք բանկում դրած են տոկոսներով, էդ տոկոսները վերցրել են տվել են մեզ։ Հիմա ես պահի դրությամբ էդ աղբյուրը փակվել ա։ Վաղը և երկուշաբթի օրը ժամանակ ենք տալիս, որ մեր աշխատավարձի համար կոնկրետ որոշում ընդունեն։ Էս անգամ էլ հանբերենք, տեսնենք մյուսը ոնց կլինի: Բայց կա ավելի լավ բան, չեմ կարող շատ բան ասել․․․ ոնց-որ «Նաիրիտի» ապագան լավ ա էրևում, թունելի վերջում լույս էրևում ա», - հավաքվածներին փոխանցեց նա:

Թունելի վերջում դեռ լույս չեն տեսնում «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները։ Նրանք այսօր ևս միացել էին բողոքի ցույցին ու գործարանի վերագործարկում էին պահանջում։

Վարչապետ Կարեն Կարապետյանը հեռուստաընկերությունների հետ վերջին զրույցում շեշտել էր` գործարանն աշխատեցնելու առարկայական առաջարկ չկա․ - «Ընդհանրապես «Նաիրիտը» Հայաստանում աշխատելը բավականին բարդ խնդիր է: Երեք թե չորս փորձ է եղել և որևիցե փորձի ժամանակ, վստահ չեմ, բայց կարծում եմ, որևիցե մեկը 10 տարվա կանխատեսում չի ուզել էներգակիրների վերաբերյալ: Իմ համոզմամբ, եթե պոտենցիալ ինվեստորը նման հարց չի բարձրացնում, իր հետ պետք չէ շարունակել խոսել: Որովհետև շատ խիստ կախված է դրանից․ եթե դու չես հասկանում տասը տարի հետո ինչ է լինելու, ապա ո՞նց ես դու այդքան գումար պատրաստվում ներդնել և այդ բեռը քո վրա վերցնել»,- ասել էր Կարեն Կարապետյանը:

Նաիրիտցիները հակադարձում են․ - «Ոչ մեկը այդպիսի պրագնոզ չի կարող անել, որ տասը տարվա կրտվածքով ինչպիսի փոփոխության կենթարկվեն: Բնական է, որ եթե էներգակիրները համաշխարհային շուկայում թանկանան, ոչ թե արհեստականորեն միայն Հայաստանում, ուրեմն համաշխարհային շուկայում կաուչուկի գինն էլ կթանկանա»: