ԲՀԿ և ՀՎԿ-ն դատարանում վիճարկում են թիվ 34 ԸԸՀ-ի որոշումը

Բալասանյանի երդմնակալության արարողությունը: 10-ը հոկտեմբերի, 2016 թ․

Կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր հայց ներկայացրեցին վարչական դատարան:

«Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները դատական կարգով վիճարկելու են Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո մանդատների բաշխման վերաբերյալ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ) կայացրած որոշումը:

Այս կուսակցություններից մեկական մանդատ բոնուսային մեխանիզմի կիրառման արդյունքում փոխանցվել է «Բալասանյան» դաշինքին, որը մեծամասնություն կազմեց ավագանիում, իսկ դաշինքը գլխավորող Սամվել Բանասանյանը վերընտրվեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնում:

Հայցը դատարան ներկայացնողներից Համլետ Սարուխանյանը (ՀՎԿ) «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց իրենց պահանջները․ - «Անվավեր ճանաչել թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 09.10.2016 թվականի թիվ 206Ա որոշումը և ընտրված ճանաչել համապատասխան կուսակցությունների ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուներին: Սա է մեր ամբողջ պահանջը շատ հակիրճ կերպով: Իհարկե, այստեղ բովանդակալից ամբողջը ներկայացվում է, և հուսով ենք, որ վարչական դատարանը մեր հայցը բավարար կհամարի․․․ Ակնկալիք ունենք, որ վարչական դատարանը, ընդունելով հիմք այս մեր բոլոր մեջբերումները, օրենքի սահմաններում այս որոշումը կկասեցնի: Եվ, իհարկե, հուսով ենք, որ նորից կգնանք դեպի նոր քաղաքապետի ընտրությունների»:

Երեք կուսակցություններ՝ «Բարգավաճ Հայաստանը», «Հայկական վերածնունդն» ու ԳԱԼԱ֊ն համատեղ հայտարարություն էին ստորագրել, որ որևէ ուժից մանդատ վերցնելու դեպքում դատական ճանապարհով հետ են պահանջելու իրենց մանդատները:

Սարուխանյանը նաև մեկնաբանեց ԳԱԼԱ-ի բացակայությունը հայցվորների թվում․ - «Դա իրավական բացատրություն է: Քանի որ մանդատներից երկուսը վերցրել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և «Հայկական վերածնունդ» կուսակցությունից՝ մեկական, իսկ ԳԱԼԱ կուսակցությունից չեն վերցրել, դրա համար դատարանում նրանք պատշաճ հայցվող չեն կարող ներկայանալ․․․ Թե չէ ԳԱԼԱ կուսակցությունը իր քաղաքական սկզբունքներով, իրենց աջակցությամբ մեր կողքին է: Տարանջատում չկա»:

Նա նշեց, որ եթե դատարանը չբավարարի իրենց հայցը, դիմելու են Սահմանադրական դատարան:

«Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի խոսքով, ստեղծված իրավիճակում իշխանությունները պետք է շատ արագ կողմնորոշվեն, սթափվեն, այլապես Գյումրին երկու մասի բաժանված կմնա:

Հարցին, թե ինչ ակնկալիք ունի դատարանից, Մարգարյանը պատասխանեց․ - «Եթե զուտ նայում ենք օրենքի տեսանկյունից, իմ պատկերացումներով, գոնե իշխանությունները պետք է գնան այն քայլին, որ վարչական դատարան դիմելուց հետո կասեցնեն այս որոշումը՝ որպես հայցի բավարարման միջոց, գոնե կասեցնեն: Ժամանակավոր պաշտոնակատար լիազոր ներկայացուցիչ նշանակեն մինչև այս գործընթացի ավարտը: Գոնե դա պետք է անեն: Իմ պատկերացնումներով, լուծումը շատ պարզ է․ օրինակ, եթե վարչական դատարանը․․․ չեմ կարող ասել ինչ որոշում կընդունի․ պետք է կա՛մ նույնը թողնի այս որոշումը, կա՛մ պետք է անվավեր ճանաչի և մանդատների բաշխումը, օրենքը վերլուծելով, ինքը կատարի․․․ Իսկ Սահմանադրական դատարան դիմելու երկու ընթացակարգ կա՝ վարչականից հետո միանգամից և Ազգային ժողովի պատգամավորների միջոցով»:

Նա չբացառեց, որ առաջիկայում պատգամավորների ստորագրությամբ Ընտրական օրենսգիրքը վիճարկվի Սահմանադրական դատարանում, քանի որ կարծում է, որ օրենսգրքում կան հակասահմանադրական դրույթներ․ - «Համապատասխան ստորագրահավաք, դիմել Սահմանադրական դատարան, որ սա հակասահմանադրական օրենք է, իսկ դա միանշանակ Սահմանադրության մի քանի հոդվածների հակասում է, ուղիղ հակասության մեջ է: Որովհետև Սահմանադրությունը երաշխավորում է այդ թվում նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրովի համակարգը: Ոչ թե նշանակովի համակարգը: Այս օրենքի կիրառումը ստեղծեց պայմաններ, որպեսզի փոքրամասնությունը նշանակի քաղաքապետ: Ոչ թե ընտրի, այլ նշանակի քաղաքապետ»: