Վաղը թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովը կամփոփի Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները և պարզ կդառնա, թե քաղաքական 4 ուժերից ավագանու 33 տեղից որին, քանի մանդատ կհասնի:
Իսկ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին կգումարվի ավագանու նիստ, որի ժամանակ էլ փակ գաղտնի քվեարկությամբ կընտրվի Գյումրիի քաղաքապետ:
Գյումրիի ավագանու մանդատի հավակնող ընդդիմադիր 3 ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), «Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) ու ԳԱԼԱ կուսակցությունները պնդում են, որ իրենք մեծամասնություն են, իրենց ստացած քվեներով՝ 18 մանդատ ունեն, իսկ իշխանական «Բալասնյան դաշինք»-ը 15:
Այնինչ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը և հանրապետականները հակադարձում են, թե «Բալասանյան դաշինք»-ը 17 մանդատ է ունենալու, մնացած 3 ուժերը՝ 16:
Ընդդիմադիրներն չեն պատրաստվում մանդատ զիջել, այդ մասին նաև համատեղ հայտարարություն ստորագրեցին՝ զգուշացնելով իշխանություններին, որ կհասնեն մինչև Եվրադատարան, և իշխանական սցենարով բաշխման պարագայում կբոյկոտեն ու կհրաժարվեն մանդատներից:
«Մանդատների ապօրինի բաշխման դեպքում մեր ցուցակներով ավագանու անդամ հայտարարված անձինք բոյկոտելու են ավագանու բոլոր նիստերը՝ մինչև դատական վերջին ատյանի հնարավորությունների սպառումը։ Նրանք չեն մասնակցելու ավագանու նիստ կոչվող միջոցառումներին, եթե ավագանու կազմը ձևավորվելու է Տիգրան Մուկուչյանի անօրինական հրահանգներով», - ասված է ընդդիմադիր 3 ուժերի երեկ ստորագրած հայտարարությունում։
«Ինչ վերաբերում է բոյկոտելուն, մենք որոշում ենք կայացրել, որ ընդհանրապես մինչև հասանելիք ժողովրդի քվեով ստացած 18 մանդատը չտրամադրվի մեր երեք քաղաքական ուժերին, որևէ մեկս մանդատ չենք ստանալու, այսինքն, եթե այդպիսի որոշում չկայացվի՝ 18 մանդատ, և այդ հնարած 17 մանդատ լինի, որևէ մեկս մանդատ չենք ստանալու և պայքարելու ենք բոլոր եղանակներով, որը նշվեց», - ասաց «Հայկական վերածնունդ»-ի ավագանու ցուցակը գլխավորող Հովհաննես Մարգարյանը։
Թե ինչպես կավարտվի մանդատների բաշխումը, պարզ կդառնա վաղը առավոտյան հրավիրված Ընտրատարածքային հանձնաժողովի նիստին: Ի դեպ, ընտրատարածքային հանձնաժողովի մոտ վաղը հավաքվելու են ընդդիմադիր 3 ուժերին սատարողները: