Ռուսաստանի և Միացյալ Նահանգների երկարատև բանակցություններից հետո Սիրիայում սեպտեմբերի 12-ին մեծ դժվարությամբ հաստատված հրադադարը կարող է առաջիկա ժամերին ձախողվել:
Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի օդային ուժերի սեպտեմբերի 17-ին Դեր էլ Զորի օդանավակայանի շրջանում իրականացրած չորս գրոհների հետևանքով զոհվել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի բանակի առնվազն 62 զինծառայող:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ շաբաթ օրը գրոհների ենթարկված սիրիական ստորաբաժանումները Դեր էլ Զորում պայքար էին մղում «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժման խմբավորումների դեմ:
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին Հալեպում օդային հարվածների են ենթարկվել սիրիական ընդդիմության հսկողության տակ գտնվող թաղամասերը: Այս ամենի արդյունքում հակամարտող կողմերը կարող են պարզապես հրաժարվել հրադադարից, քանի որ դրա առանցքային նախապայմաններն էին Հալեպի շուրջը մարտերի դադարեցումը և մարդասիրական օգնության փոխադրումն աղետալի վիճակում հայտնված թաղամասեր:
Հրադադարի համահովանավորները՝ Ռուսաստանը և Ամերիկան, հնարավոր ձախողման համար միմյանց են մեղադրում:
«Իրավիճակը Սիրիայում ծանր է, միակ կողմը, որը պահպանում է հրադադարը, Սիրիայի Հանրապետության բանակն է», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պենտագոնը տարածել է հայտարարություն, ըստ որի, կոալիցիայի կործանիչները «Իսլամական պետության» դիրքերը ռմբահարելու գործողության ընթացքում «կարող էին ոչ միտումնավոր հարվածներ հասցնել Սիրիայի ուժերին»:
Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե «այդ միջադեպը՝ «Ջաբհաթ Ֆաթահ ալ Շամ» և ահաբեկչական այլ խմբավորումների դեմ պայքարում Մոսկվայի հետ համագործակցությունը համառորեն մերժելու ամերիկյան դիրքորոշման արդյունքն է»:
Ռուսները նույնիսկ հայտարարել են, թե այդպես Վաշինգտոնը սատարում է «Իսլամական պետությանը»: Հայտարարությունը հանգեցրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դեսպաններ Վիտալի Չուրկինի և Սամանթա Փաուերի թեժ վեճին:
Սակայն ավելի ուշ Ռուսաստանի դեսպանը մեղմել է հայտարարությունը՝ ասելով, թե «Մոսկվան չունի հստակ վկայություններ, որոնք կապացուցեին, որ Ամերիկան համագործակցում է «Իսլամական պետության» հետ»:
Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Պեսկովն ասել է, որ դիվանագետները շարունակում են աշխատել սիրիական ճգնաժամը թուլացնելու ուղղությամբ:
«Իրավիճակը բարդ է, հրադադարի ապագայի վերաբերյալ կոնկրետ բան ասել չեմ կարող», - նշել է Պեսկովը: Նա նաև հավելել է, թե Սիրիայի թեմայով նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հեռախոսազրույց հիմա նախատեսված չէ:
ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար ալ Ջաաֆարին Վենեսուելայում ասել է, թե Ամերիկան «կաթվածահարել է ՄԱԿ-ի ամբողցջ աշխատանքը, և արդյունքում ՄԱԿ-ն այսօր Արևմուտքի քաղաքականությունն է իրականացնում»:
Մինչդեռ, անդրադառնալով Սիրիայի վերջին միջադեպերին՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Նյու Յորքում BBC-ին ասել է, որ ռուսների համար առավել կարևոր խնդիրը պետք է լինի համոզել Ասադին պահպանել սեպտեմբերի 12-ի հրադադարը:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարելու փոխարեն, դպրոցներ, հիվանդանոցներ, բնակելի թաղամասեր բազում անգամներ ռմբահարելուց հետո այս կամ այն կողմի մեղավորության մասին փարիսեցիաբար խոսելու փոխարեն ռուսները պետք է վերջապես Ասադի ռեժիմին ստիպեն ավելի պատասխանատու գործել», - ասել է Քերրին: