Թուրքիայի արդարադատության նախարարությունը պաշտոնապես դիմել է Վաշինգտոնին՝ Միացյալ Նահանգներում բնակվող Ֆեթուլահ Գյուլենին կալանավորելու հարցով:
Անկարան պնդում է, թե Էրդողանի երբեմնի դաշնակից, իսկ այժմ մոլի քննադատ հոգևորականն է կազմակերպել հուլիսի 15-ի հեղափոխության փորձը, և մի քանի անգամ արդեն պահանջել է արտահանձնել նրան: Այս ամիս ավելի վաղ Մեծ քսանյակի գագաթնաժողովում հարցը քննարկվել էին երկու երկրների նախագահները:
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը, մինչդեռ, է՛լ ավելի վաղ Անկարա կատարած այցի ժամանակ մանրազնին բացատրել էր, որ այս հարցում Օբաման ոչինչ չի կարող անել:
«Մեր արդարադատության համակարգը տարբերվում է թուրքականից, ֆրանսիականից, գերմանականից: Տարբեր է, բայց մերն է: Ավելի քան 225 տարի մենք դրանով ենք առաջնորդվում: Դու չես կարող գնալ ամերիկյան դատարան ու ասել՝ այս մարդը վատն է, և վերջ: Դու պետք է հիմնավորես, որ նա այս կամ այն հանցագործությունն է արել՝ ներկայացնելով ապացույցներ», - ասել էր Բայդենը:
ԱՄՆ-ի փոխնախագահի այս բացատրությունները Թուրքիայի նախագահին կարծես թե չէին համոզել: Համենայն դեպս Էրդողանը նույն ասուլիսում հայտարարել էր, թե Գյուլենը պետք է առնվազն ճաղերի հետևում լինի․ - «Հանցագործների արտահանձման մասին Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված փաստաթղթի համաձայն, Գյուլենի նմանները հիմա պետք է լինեին կալանավայրում, մինչդեռ նա շարունակում է ազատորեն ղեկավարել իր ահաբեկչական կազմակերպությունը»:
Վաշինգտոնն առայժմ չի մեկնաբանել Գյուլենին կալանավորելու մասին Անկարայի դիմումը:
Փորձագետները, սակայն, փաստում են, որ ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցների հարաբերություններում ակնհայտ լարվածություն կա: Հենց երեկ Թուրքիայի վարչապետն ու Ներքին գործերի նախարարը հրապարակավ քննադատել են ամերիկյան դեսպանության հայտարարությունը Թուրքիայի արևելյան քրդաբնակ շրջանների ղեկավարներին պաշտոնանկ անելու վերաբերյալ: «Նահանգները չէ, որ մեզ պետք է ժողովրդավարության դասեր տա», - հայտարարել է վարչապետ Բինալի Յըլդրըմը՝ ընդգծելով․ - «Աշխատանքից ազատվածները կապեր են ունեցել Քրդական աշխատավորական կուսակցության հետ: Նրանք տեղական բյուջեն վատնել են ահաբեկչական խմբավորմանը աջակցելու համար, ներգրավվել են ապօրինի գործարքներում, ինչը բացահայտվել է հետաքննությամբ: Այս պայմաններում անընդունելի է, երբ ինչ-որ մեկը փորձում է դրսից մեզ ժողովրդավարության դասեր տալ կամ միջամտել մեր ներքին քաղաքականությանը»:
Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունը քննադատել էր քրդաբնակ 28 շրջանների ղեկավարների մեկ օրում աշխատանքից ազատելու և նրանց փոխարեն իր մարդկանց նշանակելու Էրդողանի որոշումը, ինչը բողոքի լուրջ ալիք էր բարձրացրել՝ դառնալով ոստիկանության հետ բախումների պատճառ:
«Հույս ունենք, որ պաշտոնանկ արված քաղաքապետերի փոխարեն ցանկացած նշանակում կլինի ժամանակավոր, և շուտով տեղում բնակվող քաղաքացիներին թույլ կտրվի ինքնուրույն ընտրել իրենց ղեկավարներին», - հայտարարել էր Միացյալ Նահանգների դեսպանությունը:
Արևմտյան կառույցները շարունակում են պնդել, որ գյուլենականնների կամ Քրդական աշխատավորական կուսակցության զինյալերի դեմ պայքարի պատրվակով Էրդողանն իրականում ամրապնդում է սեփական դիրքերը: Պաշտոնանկ արված քաղաքապետերի մեծ մասը ընդդիմադիր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից էր, որն այսօր մեծությամբ երրորդն է Թուրքիայի խորհրդարանում: