Մատչելիության հղումներ

Օբամայի վարչակազմը կաշխատի Թուրքիայի հետ հեղաշրջման կազմակերպիչներին պատժելու ուղղությամբ


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախօրեին վստահեցրել է, որ իր վարչակազմը շարունակելու է աշխատել Թուրքիայի հետ ձախողված հեղաշրջման փորձի կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու համար։

«Մեր արդարադատության նախարարությունը և ազգային անվտանգության հարցերով իմ թիմը շարունակելու են համագործակցել թուրքական իշխանությունների հետ, որպեսզի այս գործողությունը իրականացնողները արդարադատության առջև կանգնեն», - հայտարարել է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը։

Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկու նախագահները առաջին անգամ հանդիպեցին Չինաստանում ընթացող Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակներում։ «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ շուրջ 45 րոպե տևած հանդիպման ժամանակ Օբաման և Էրդողանը քննարկել են օրակարգային կարևոր հարցեր՝ Սիրիայում ընթացող զարգացումները, ինչպես նաև ԱՄՆ-ում ապաստանած իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման խնդիրը։

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Գյուլենի արտահանձնման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ԱՄՆ են ուղարկվել նախքան հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը։ «Հուլիսի 15-ից հետո պատրաստված փաստաթղթերը ավելի ուշ կհանձնվեն ԱՄՆ-ից ժամանած պատվիրակությանը, որն այժմ շարունակում է իր աշխատանքը», - հայտարարել է Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարները կմեկնեն ԱՄՆ շարունակելու վտարանդի գործչի արտահանձնման շուրջ տարվող աշխատանքները։ Էրդողանը, հիշատակելով Օբամայի հետ հուլիսի 15-ի դեպքերից հետո ունեցած հեռախոսազրույցը, շնորհակալություն է հայտնել իր ամերիկացի պաշտոնակցին ցուցաբերած աջակցության համար։

ԱՄՆ-ի նախագահը իր հերթին ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակիցը և «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիայի կարևոր անդամը։

«Մեր բանակների, անվտանգության և հետախուզական ուժերի համագործակցության արդյունքում հնարավոր եղավ ահաբեկիչներին հետ մղել Սիրիայի և Թուրքիայի սահմաններից։ Սակայն հիմա անհրաժեշտ է ավարտին հասցնել սկսված գործը և նախագահ Էրդողանի հետ խոսել ենք այս հարցում մեր համագործակցությունը ընդլայնելու ուղիների մասին», - ասել է ԱՄՆ նախագահ Օբաման։

Վերջինս դատապարտել է Թուրքիայում վերջին շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունները և ընդգծել․ - «Ահաբեկչությունը համաշխարհային խնդիր է և նման հարձակումների դեմ մենք թուրք ժողովրդի կողքին ենք և կիսում ենք նրանց ցավը»։

Թուրքիայի նախագահը ևս ընդգծել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ ահաբեկչության դեմ միասնական դիրքորոշում ցուցաբերելու կարևորությունը։

«Չկա լավ և վատ ահաբեկիչ, նրանց բոլորը անիծյալ են։ Պետք է միևնույն վերաբերմունքը ունենալ բոլոր ահաբեկիչների նկատմամբ»,- ասել է Էրդողանը՝ հավելելով․ - «Թուրքիան Սիրիայում և Իրաքում շարունակում է վճռական պայքար մղել «Իսլամական պետություն», Քուրդիստանի բանվորական կուսակցություն, Դեմոկրատական միություն կուսակցություն ահաբեկչական խմբավորումների դեմ»:

Անդրադառնալով թուրքական զինուժի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» ռազմական գործողությանը՝ Էրդողանը համոզմունք է հայտնել, որ Թուրքիան կոալիցիոն ուժերի հետ միասին հաջողության կհասնի և կկանխի երկրի արևելքում ահաբեկչական միջանցքի առաջացումը։

Իսկ նախագահ Օբաման էլ ուշադրություն է հրավիրել սիրիական պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և փախստականների խնդրի վրա՝ ընդգծելով, որ Թուրքիան չպետք է միայնակ կրի այդ բեռը։

«Այս հարցում բոլորս պետք է ներդրում ունենանք և ցույց տանք աջակցելու մեր պատրաստակամությունը», - ասել է Օբաման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG