Պավել Մանուկյանի վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը

Պավել և Արամ Մանուկյանների փաստաբան Ինեսսա Պետրոսյանը Վերաքննիչ դատարանի մոտ զրուցում է «Ազատության» հետ: 18-ը օգոստոսի, 2016 թ․

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանին այսօր Վերաքննիչ դատարան բերեցին շտապօգնութան ավտոմեքենայով, ոստիկանական հսկողության ներքո։

Երկրորդ ատյանի դատարանն այսօր քննելով Մանուկյանի դիմումը նրան կալանքից ազատ արձակելու մասին, անցավ խորհրդակցական սենյակ և վաղն արդեն կհրապարակի որոշումը։

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված ու շուրջ երկու շաբաթ իր վերահսկողության տակ պահած «Սասնա ծռեր» խմբի անդամի պաշտպանները բողոքարկում են առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Պավել Մանուկյանը երկու ասմով կալանավորվել է։ Այսօր վերաքննիչում մեկ ժամ շարունակված դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպան Ինեսսա Պետրոսյանը ասաց, որ դատական նիստի ընթացքը մի քանի անգամ ընդմիջվեց, քանի որ հրազենային վիրավորում ստացած Մանուկյանը ցավազրկողների կարիք ուներ։

Պետրոսյանն ասաց, որ ինքն ու մյուս պաշտպան Հարություն Բաղդասարյանը դատարանին առաջարկեցին բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումն ու ազատել արձակել Պավել Մանուկյանին․ - «Ակնհայտ է, որ Պավել Մանուկյանը գամված է անկողնուն և դեռևս ամիսներ շարունակ չի կարողանա տեղաշարժվել ինքնուրույն: Բացի այդ, Պավել Մանուկյանը դատարանում հայտարարեց՝ նույնիսկ եթե ինձ արտաքսեն էլ իշխանությունները, ես հետ եմ գալու հայրենիք: Այսինքն, ինքը որևէ կերպ չի պատրաստվում․․․ Իրենից էլ շատ հեռու է: Ինձ թվում է, չկա մեկը հանրապետությունում, որ կհավատա, որ Պավել Մանուկյանը կարող է թողնի, հեռանա՝ ինչ-որ կերպ խուսափելու համար նախաքննական մարմնից»:

Հիշեցնեմ, Պավել Մանուկյանը և նրա որդին՝ Արամ Մանուկյանը Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործի շրջանակում մեղադրվում են 2 հոդվածներով՝ շենք, շինութուններ գրվելու և ապօրինի զենք, զինամթերք կրելու և փոխադրելու մեջ։

Այսօր ավելի վաղ Վերաքննիչ դատարանը հետաձգեց «Սասնա ծռերի» մեկ այլ անդամի՝ Գագիկ Եղիազարյանի վերաքննիչ բողոքը: Հետաձգվեց նաև Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի վերաքննիչ բողոքը:

Պաշտպանի պնդմամբ՝ հրազենային վիրավորում ստացած երիտասարդը չի կարող թաքնվել նախաքննությունից․ - «Իրենք ասում են, որ մեղսագրված է ծանր հանցագործությունների կատարում, և դա է միայն հիմքը։ Բայց մենք նշում ենք, որ Արամ Մանուկյանը ունի անբասիր վարքագիծ, նկարագիր, Պավել Մանուկյանի տղան է, հայրենասեր երիտասարդ է: Բացառվում է, որ նա կարող է որևէ խոչընդոտել կամ խուսափել: Եվ դատարանին խնդրել ենք, որ պատասխանի՝ արդյո՞ք հնարավոր է, որ մարդը ունի նման ծանր առողջական խնդիրներ և դեռևս մի քանի ամիս, եթե ոչ տարի, պետք է բուժման մեջ գտնվի․․․ ի՞նչ խուսափելու մասին կարող է խոսք գնալ»:

Ինեսսա Պետրոսյանը նաև ասաց, որ երեկ տեսակցել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող իր պաշտպանյալներին՝ Պավել և Արամ Մանուկյաններին, Արմեն Լամբարյանին։ Փոխանցեց, որ Պավել Մանուկյանի որդու առողջական վիճակը վերջին շրջանում համեմատաբար լավ է այնտեղ գտնվող մյուս 6 անդամների համեմատ:

«Սասնա ծռերի» պաշտպանները շարունակում են ահազանգել, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հնարավոր չէ հրազենային ծանր վիրավորում ստացած անձանց հետագա բուժումը կազմակերպել, ուստի եթե դատարանը բավարարի ազատ արձակման մասին վերաքննիչ բողոքները, ապա նրանց հնարավոր կլինի տեղափոխել մասնագիտացված հիվանդանոցներ։

«Ելնելով իրենց առողջական վիճակից, նրանք չեն կարող տնային պայմաններում բուժում ստանալ: Բնականաբար պետք է գնան քաղաքացիական հիվանդանոցում շարունակեն իրենց բուժումը», - ասաց Ինեսսա Պետրոսյանը՝ շարունակելով․ - «Ես գտնում եմ, որ բոլոր վիրահատությունները պետք է կատարվեն «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ անկախ նրանից, թե դատապարտյալների հիվանդանոցում կա վիրահատարան, թե ոչ»:

Նա նաև տեղեկացրեց, որ վաղը նախատեսվում է «Դատապարտյալների հիվանդանոցում» վիրահատել Պավել Մանուկյանին:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Պավել Մանուկյանի վաղվա վիրահատությունը բարդ չէ, և հնարավոր է իրականացնել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վիրահատարանում, որը վերջին տարիներին է նորոգվել։

Ինչ վերաբերում է հետագայում անցկացվելիք վիրահատություններին, ապա դրանց դեպքում հնարավոր է նրանց տեղափոխեն բժշկական կենտրոն։