Փաշինյանը պարզաբանում է, թե ինչու չի մասնակցում Ազատության հրապարակի հանրահավաքներին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Ազատության հրապարակում անցկացվող ամենօրյա հավաքներին, քանի որ ցանկություն չունի, առանց իշխանափոխության հստակ ծրագրի, «Երևանի փոքր կենտրոնում քաղաքացիների համար երթերի տեսքով էքսկուրսիաներ կազմակերպել»:

«Մենք չենք գա հրապարակ մինչև չունենանք առաջարկելու կոնկրետ ծրագիր: Հուլիսի 22-ին մենք առաջարկեցինք կոնկրետ ծրագիր, որի իրականանալու հավանականությունը, իմ գնահատմամբ, չափազանց մեծ էր: Չափազանց մեծ էր հավանականությունը, որ մենք դրա արդյունքում կկարոնանք հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին: Բայց տեղի ունեցան ցավալի իրադարձություններ», - հայտարարեց նա:

Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ Փաշինյանը բացատրեց նաև, թե ինչու է երկրորդ անգամ հեռացել «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց հետո Խորենացի փողոցում մեկնարկած հավաքներից ու լքել հարթակը:

Նրա պնդմամբ, զինված խմբի անդամներն ու Ժիրայր Սեֆիլյանը նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ որպես հիմնական պահանջ, հանել էին իրենց օրակարգից՝ թույլ տալով մարտավարական սխալ․ - «Մենք լքեցինք հարթակը, էդ ժամանակ արդեն պարզ էր, որ օրակարգի մեջ բան է փոխվել, և Սերժ Սարգսյանի հրաժարականը այլևս առնվազն առաջին կետում չէ, կամ այլևս օրակարգում դրված չէ այնպես, ինչպես դրված էր առաջին օրերին: Եթե հիշում եք, դա օրակարգի առաջին կետն էր, և մենք գնացել էինք՝ ասելու, որ մենք էս իրավիճակում տեսնում ենք էդ օրակարգը իրականացնելու հնարավորություն, պատրաստ ենք կազմակերպչական պատասխանատվություն ստանձնել դրա համար: Հաջորդ օրը պարզվեց, որ օրակարգի մեջ բան է փոխվել, և էն մարդիկ, էն քաղաքական թևը, որ առաջ էր քաշել էդ օրակարգը, ըստ էության, կամաց-կամաց կամ միանգամից հետ է քաշում օրակարգի էդ հարցը: Եվ մենք հիմա էսօր ունենք դա ապացուցող փաստեր․ հրապարակվեց Ժիրայր Սեֆիլյանի նամակը, որտեղ նա խոսում էր այդ բանակցությունների շրջանակի մասին, և էնտեղ ոչ մի բառ անգամ չկար Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին»:

«Սասնա ծռեր» խմբի կողմից հուլիսի 17-ին Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելուց հետո Նիկոլ Փաշինյանն առաջինն էր այցելել իրավապահների կողմից արգելափակված այդ տարածք, հանդիպումներ ունեցել խմբի անդամների հետ ու հետո արդեն խմբին սատարելու եկած քաղաքացիների հետ երեկոները անցկացրել Խորենացի փողոցում։

Հուլիսի 23-ին՝ անդրադառնալով Փաշինյանի գործողություններին՝ «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե վերջինս փորձում է օգտագործել բարձրացող ժողովրդական շարժումը իր անձնական, կուսակցական նեղ շահերը սպասարկելու համար։ Այս հայտարարությունից հետո Փաշինյանն ասաց, որ իր գտնվելը Խորենացի փողոցում դառնում է անհնարին:

Այսօր անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությանը՝ Փաշինյանը նաև հայտարարեց, որ իրենք քննարկում են վարչապետի իրենց թեկնածուին առաջադրելու և ստվերային կառավարություն ձևավորելու հարցը․ - «Ինչո՞ւ տեղի չի ունենում Սերժ Սարգսյանի հեռացումը: Որովհետև շատ կարևոր կոմպոնենտ բացակայում է․ մարդիկ ուզում են պատասխան ստանալ՝ լավ, սրանց հեռացրինք, ովքե՞ր են սրանց տեղը գալու իշխանության, ո՞վ է լինելու վարչապետ, ո՞վ է լինելու կրթության նախարար, ո՞վ է լինելու արտաքին գործերի նախարար և այլն: Եվ մենք հիմա քննարկում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է որոշում կայացնի վարչապետի իր թեկնածուին որոշելու և ստվերային կառավարություն ձևավորելու հարցում, որը կարող է դառնալ մեր քաղաքական գործունեության տրամաբանական շարունակությունը»:

Նիկոլ Փաշինյանը ասաց նաև, որ ինքը հուլիսի 23-ին Խորենացիում խոսելով իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասին, այն հռչակել էր ոչ թե միակ, այլ մեկ ընդդիմություն: Պատգամավորը պնդեց նաև, որ իրենք դաշինքների մեջ մտնել չեն պատրաստվում և կհամագործակցեն միայն այնպիսի ուժերի հետ, որոնց հետ հետագայում կարող են դառնալ մեկ կուսակցություն: