Մատչելիության հղումներ

Իրավիճակը փակուղային է․ Փաշինյան


Նիկոլ Փաշինյան, արխիվ
Նիկոլ Փաշինյան, արխիվ

Ստեղծված իրավիճակը փակուղային է, և այդ փակուղին ավելի հավանական է դարձնում նոր արյունահեղությունը:

Այս մասին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» ծրագրի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով առավոտյան հանդիպել է Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին:

«Ես մտածում էի, թե ինչ հնարավոր ելքեր կարող են լինել փակուղուց: Դա է պատճառը, որ որոշեցի հանդիպել Ժիրայր Սեֆիլյանին, բայց քրեակատարողական հիմնարկը բացահայտ ապօրինի կերպով թույլ չտվեց տեսակցել Սեֆիլյանին: Ես [քրեակատարողական վարչության պետ] Արթուր Օսիկյանին հայտարարեցի, որ եթե Խորենացի փողոցում արյունահեղություն լինի, քրեակատարողական հիմնարկը շատ ուղղակի պատասխանատվություն է վերցնում իր վրա: Պետք է ամեն ինչ անենք արյունահեղությունը կանխելու համար, որովհետև իրավիճակը մտել է փակուղի և ամեն վայրկյան կարող է դուրս գալ վերահսկողությունից, և այնտեղ կարող են լինել զոհեր», - ասաց Փաշինյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հավելեց, որ ՊՊԾ գնդի տարածքը գրաված անձինք երեք պահանջ են ներկայացնում․ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես նաև՝ ժամանակավոր կառավարության ձևավորում:

«Իրենք ինձ ասացին, որ չեն պատրաստվում հանձնվել, առավել ևս, եթե ոստիկանական գործողություններ լինեն, պատրաստվում են դիմադրություն ցույց տալ: Երևի պատկերացնում եք ոստիկանության գնդում ինչքան զենք-զինամթերք կարող է լինել: Այդուհանդերձ, այդ բոլոր մարդիկ հասկանում են, որ նոր արյունահեղությունը ոչ մի խնդիր չի կարգավորի», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս պահին ամենակարևոր խնդիրը Երևանում արյունահեղություն թույլ չտալն է․ - «Երևան քաղաքում չպետք է հնչեն կրակոցներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG