Ի պաշտպանություն Լևոն Բարսեղյանի հրավիրված ասուլիսին բանախոսները եկել էին դանակներով

ԳԱԼԱ կուսակցությունն այսպիսով բողոքում է Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին գրպանի դանակ պահելու համար ձերբակալելու որոշման դեմ։

«Բոլորս «զինված ենք սառը զենքերով», այստեղ ենք: Այնպես որ, տեսնենք այսպիսի գործելաոճով ուր են պատրաստվում հասնել», - նշեց բանախոսներից Արմենուհի Վարդանյանը։

Հայաստանի 13 լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններ տարածել են համատեղ հայտարարություն՝ շինծու համարելով Լևոն Բարսեղյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։

Հուլիսի 27-ի գիշերը Երևանի Խորենացի փողոցում կայացած բազմամարդ հանրահավաքից հետո ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկված Լևոն Բարսեղյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ սառը զենք կրելու կասկածանքով։ Նա ձերբակալվել է։

Հայկ Բարսեղյանը հոր հետ միայն այսօր է կարողացել խոսել, ընդամենը մի քանի րոպե․ - «Դուխը տեղն էր: Իմացա, որ ցերեկը վատ էր եղել, բայց չեմ հասցրել շփվեմ»:

Հոր մոտ հայտնաբերված դանակը, ըստ Հայկի, ընդամենը պատրվակ է նրա ակտիվ քաղաքացիական գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու համար․ - «Յաթաղանի թուր չէ, որ եղել է մոտը: Եղել է փոքր գրպանի դանակ, որը որ ես կհիշեմ արդեն հինգ-վեց տարուց ավել իրա մոտ է, որն ինքը կօգտագործե հացի համար կամ մնացած կարիքների համար: Ճիշտ է, Լևոնը էդ մարդը չէ, բայց եթե ցանկություն ունենար ինչ-որ բան աներ, էդ դանակով չէր գա: Հաստատ ուրիշ խելացի բաներ կարելի էր անել: Ազատությունն իրա գինն ունի, ու մեր տնից սաղը պատրաստ են նստելու ինչքան որ պետք ա»:

ԳԱԼԱ կուսակցության անդամ Էդուարդ Մխիթարյանի համոզմամբ ևս, դանակը Բարսեղյանին լռեցնելու իշխանության փորձերից մեկն է․ - «Այդ դանակը հիմա էս պահին իմ աչքի առաջ է: Ասենք, Վրաստանում խնձոր էր մաքրում-ուտում, Արևմտյան Հայաստանում, Վանա լճի ափին այդ դանակով էր պանիր կտրատում հաց ուտելու ժամանակ»:

ԳԱԼԱ-ի անդամների կարծիքով, Լևոն Բարսեղյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Նրանք կոչ են անում միջազգային կազմակերպություններին ուշադրություն դարձնել այս օրերին ծավալվող իրադարձություններին․ - «Տեղի ունեցած իրադարձությունները նաև թող հանդիսանան այն լակմուսի թուղթը, որով գնահատականներ կհնչեցնեն վաղը «բարեփոխված» դատական համակարգին, «բարեփոխված» ոստիկանական համակարգին»:

Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը Բարեղյանի ձերբակալումը իշխանության հաշվեհարդար է որակում․ - «Լևոն Բարսեղյանի նկատմամբ շատ ստոր ձևով, հին չեկիստական ձևով․․․ Արմեն Միքայելյանի նկատմամբ նույնպես զենք: Ես, որ օրինական զենքեր կրելու իրավունք ունեմ, այս օրերին, որ գնում եմ հասարակական վայր, զենքը դրում եմ մի կողմ: Որովհետև գնում եմ մարդկանց հետ շփվելու, սխալմունք չլինի: Էդ մարդը ինչի՞ պիտի զենքով ման գար»:

Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ Արթուր Սաքունցը կատարվածի առնչությամբ առաջարկ ունի ոստիկանությանը․ - «Ցանկացած այն քաղաքացին, որը մասնակցում է բողոքի ցույցի, այդ հոդվածով քրեական գործ հարուցեք բոլորիս նկատմամբ և հետապնդման ենթարկեք: Էդ ձեր տրամաբանությամբ, պարոն Ոստիկանություն, Քննչական կոմիտե, էդպես պետք ա վարվեք: Հակառակ դեպքում վերստին գալիս ենք, որ իրապես ընտրողական է այս մոտեցումը»:

Մինչ լրագրողական և իրավապշտպան կազմակերպությունները պահանջում են իրավապահ մարմիններից անհապաղ կարճել հարուցված քրեական գործը և ազատ արձակել Լևոն Բարսեղյանին, դադարեցնել բռնությունները ցուցարարների ու ակտիվ քաղաքացիների նկատմամբ, Բարսեղյանի որդին իշխանությանը այդ քայլերին տանող իր ճանապարհն է առաջարկում․ - «Կարելի է էրթալ, ճվալ, բոռալ ու հետո էրթալ տուն: Նաև ճիշտ չեմ համարե ելնել մարդկանց սպանել կամ մորթել: Կա դրա միջին բալանսը, որ նոր վերջերս մերոնք գտել են, հայ ժողովուրդը․ վերցնես գը ստրատեգիական նշանակության ճամփա ու կփակես էդ ճամփեն գետնին մխված վիճակով, մեծ քանակությամբ մարդկանցով»:

Լևոն Բարսեղյանը ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով, հարուցվել է քրեական գործ, սակայն մեղադրանք դեռ առաջադրված չէ։