Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Բարսեղյանի տաբատի գրպանում հայտնաբերվել է ծալովի դանակ: Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանությունը նշանակել է քրեագիտական փորձաքննություն։ Հարուցվել է քրեական գործ։ Բարսեղյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։
Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմը հաղորդում է ստացվել այն մասին, որ Լևոն Բարսեղյանը բերման է ենթարկվել և նրա դեմ հարուցվել է քրեական հետապնդում՝ առանց օրինական հիմքերի, նաև խոչընդոտվում է նրա տեսակցությունը փաստաբանի հետ: ՄԻՊ մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանն «Ազատության» հետ զրույցում նշեց․ - «Ստացել ենք տեղեկատվություն բաց աղբյուրներից պարոն Բարսեղյանի գտնվելու վայրի մասին, արագ արձագանքման խումբը ժամանել է ոստիկանության Շենգավիթի բաժին, այնտեղ առանձնազրույց է ունեցել, տեսակցել է պարոն Բարսեղյանին: Խնդիր է եղել փաստաբանի հետ կապված, որը որ մեր միջամտությամբ նրանք կարողացել են իրար հետ կապի դուրս գալ»:
Առավոտյան ոստիկանությունից հաղորդել էին, որ «Ասպարեզ» ակումբի նախագահն ազատ է արձակվել 62 այլ քաղաքացիների հետ միասին։ Սակայն նրա գտնվելու մասին ո՛չ հարազատները, ո՛չ փաստաբանը տեղեկություն չունեն։
Բարսեղյանի որդին՝ Հայկը, «Ազատությանը» փոխանցեց, որ վերջին անգամ հոր հետ խոսել է բերման ենթարկելուց հինգ րոպե առաջ․ - «Մինչև առավոտ ժամը 8-9-ը ես լուր չունեի: Հետո ստեղից-ընդեղից հարցրեցինք, ինչ-որ անհայտ աղբյուրներից պարզվավ վեց անց կես իբր բաց են թողել: Հետո զանգեցի ոստիկանություն, հազար հոգի՝ ծանոթ, բարեկամ, իրավաբան, զանգեց ոստիկանություն, իրանք ըսեցին, որ Երևանից տեղափոխել են Գյումրի, որպեսզի չգիտեմ ինչ փաստաթղթեր լրացնեն, հետո Գյուրիից շարժվել են դեպի Երևան: Ամենավերջում պարզվավ, որ էդ սաղ ընթացքում ինքը եղել է ներսը»:
Օրվա երկրորդ կեսին ոստիկանությունից հայտնեցին, թե տեղեկության մեջ հակասություն չկա․ Լևոն Բարսեղյանին ազատ են արձակել, հետո հրավիրել ոստիկանության բաժին․ - «Իրան ազատ արձակելուց ասել են, որ էս ժամին կներկայանաք, ինքն էլ ներկայացել ա»:
Բարսեղյանի փաստաբանի պնդմամբ, ոստիկանության տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում․ - «Ինքը բերման ենթարկվելու պահից մինչև էս պահը գտնվում ա անազատության մեջ»:
Հարցին, թե արդյոք Բարսեղյանը ենթարկվել է խոշտանգումների, փաստաբանն արձագանքեց․ - «Ինքը տասներկուսն անց կամ մի քիչ ուշ ա բերվել, մինչև առավոտյան ութն անց կես, իր ասելով, ստեղ ա եղել, այդ ամբողջ ընթացքում ջուր ա ուզել, ջուր չեն տվել, չեն թողել զուգարանից օգտվի»:
Խորենացի փողոցից երեկ մեկնարկած երթից հետո, ոստիկանության հաղորդմամբ, բերման էր ենթարկվել 64 քաղաքացի։ Կա ևս մեկ ձերբակալված։
«Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, այդ դեպքով կատարվում է քննություն», - «Ազատությանը» փոխանցեցին ոստիկանությունից:
Ձերբակալվածը 37-ամյա Արմեն Միքայելյանն է: Գիշերը ժամը երեքին նրան Տիգրան Մեծ փողոցից բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին՝ ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածով:
Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանի հավաստմամբ, մինչդեռ, իրենց կառույցի անդամ Միքայելյանը, ով Խորենացու փողոցում անցկացվող ցույցերի կազմակերպիչներից է, իր ընտանիքի անդամների հետ միասին տուն վերադառնալիս է եղել, երբ ոստիկանները «ապօրինաբար բերման են ենթարկել, այնուհետև ձերբակալել» նրան:
«Իր գրպանը գցել ատրճանակ և հետո «հանկարծ» հայտնաբերել այդ ատրճանակը, որի «հիման վրա» ձերբակալել են զենք, զինամթերք և այլն, զինված գործողություն կազմակերպելու մտացածին մեղադրանքով», - ասաց Ենիգոմշյանը:
Հուսիլի լույս 27-ի գիշերը բերման ենթարկվածներից ու նրանց հարազատներից Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը մի շարք ահազանգեր է ստացել:
«Շուրջ երկու տասնյակ ահազանգ ենք ստացել, որոնք հիմնականում վերաբերել են ապօրինի բերման ենթարկվելուն», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՄԻՊ մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը՝ շարունակելով․ - «Ընդհանուր այս օրերին կան դեպքեր, երբ փաստաբաններն են ահազանգել, որ իրենց չեն թողնում հանդիպել իրենց վստահորդների հետ, եղել են նաև անձնական իրերը հետ վերադարձնելու հետ կապված հարցեր»:
Չնայած ահազանգերի առատությունը, ոստիկանության գործունեության օրինաչափության և օրինականության մասին ՄԻՊ գրասենյակը դեռ գնահատական չունի։ Զոհրապ Եգանյանի հավաստմամբ, դեռ ուսումնասիրման փուլում են։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ, ոստիկանությունն ապօրինաբար է բերման ենթարկել խաղաղ ցուցարարներին: Իշխանությունը, ըստ Ալեքսանյանի, նաև արգելափակում է տեղեկատվության ազատ հոսքը․ - «Իշխանությունը ամբողջությամբ իր ձեռքն է վերցրել, իրավիճակի տերն է դարձել և ինչ ուզում անում է, ինչ ապօրինություն ուզում անում է, նաև կոչ է անում այլ աղբյուրների ինֆորմացիայից չօգտվելու»:
Հայտատարություն է տարածել Վանաձորի Հելսինկյան կոմիտեն՝ նշելով, որ խստորեն դատապարտում են ոստիկանության ապօրինի գործելակերպը և պահանջում են երկրի նախագահից ու գլխավոր դատախազից անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու ոստիկանության բռնությունները, ապօրինությունները և ահաբեկվածության մթնոլորտի ձևավորումը Հանրապետությունում։