Ընդդիմադիրները դժգոհ են կոռուպցիայի դեմ պայքարի առայժմ արձանագրված արդյունքներից

Ընդդիմադիր պատգավոր Արամ Մանուկյանը «Ազատության» ստուդիայում:

Կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի մասին վարչապետի հայտնի ելույթից երկու ամիս անց ընդդիմադիրներն ասում են, որ բարեփոխումներ չեն նկատել։

Հովիկ Աբրահամյանը մայիսի 12-ի իր ելույթում ազդարարեց կառավարության մի շարք նախաձեռնությունների մասին՝ բյուջեի խնայողություն, պետական համակարգի կրճատում, պայքար կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ: Վարչապետը պնդեց, թե Հայաստանը նոր մարտահրավերների դիմակայելու համար բավարար չափով չի զարգանում ու չի պայքարում կոռուպցիայի դեմ։

«Քառօրյա պատերազմը ստիպեց բոլորիս վերաիմաստավորել մեր կատարած աշխատանքը․․․ Արդյո՞ք մենք զարգանում են, արդյո՞ք պայքարում ենք կոռուպցիա դեմ, արդյո՞ք ունենք մարտունակ բանակ: Պատասխանը՝ այո: Բայց արդյո՞ք այդ ամենը բավարար է, որպեսզի մենք դիմակայենք նորանոր մարտահրավերների: Կարծում եմ, բոլորի կարծիքը կարտահայտեմ, եթե ասեմ՝ ոչ: Մենք պետք է ավելի ավելի արդյունավետ պետություն դառնանք՝ կրկնապատկելով, եռապատկելով մեր ջանքերը», - ասել էր Հովիկ Աբրահամյանը:

«Թրասփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքով, վարչապետի առաջ քաշած խնդիրներից հետո վերջին 2 ամսվա գործողություններն իրականում ուղղված էին ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարին, այլ ընդամենը որոշ ծախսեր կրճատմանը:

«Ամենայն հավանականությամբ, կան բյուջեի խնդիրներ, եկամուտները քչացել են: Բնականաբար, պետք է կառավարման ծախսերը կրճատվեն․ ավելի քիչ մեքենաներ պետք է լինել, ավելի քիչ աշխատակազմ և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հոկտանյանը:

Վարչապետի հայտնի ելույթից հետո պետական տարբեր գերատեսչություններից կազմից հետ վերցվեց և տրվեց Պետական գույքի կառավարման վարչությանը ավելի քան 420 ավտոմեքենա, որոնցից միայն 50-ը եվրոպական կամ ճապոնական արտադրության էին, ընդամենը 5-ը՝ 2010-ից հետո արտադրված մեքենաներ, իսկ մնացածը՝ հիմնականում 90-ականների ռուսաստանյան արտադրության մեքենաներ։

Բացի այդ, կառավարությունում կրճատվեցին 5 փոխնախարարների հաստիքներ Գյուղատնտեսության, Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման նախարարություններում:

«Պետական ապարատը վերջին 15 տարիների ընթացքում 5-8 անգամ ավելացել է․ պրեզիդենգական ապարատը, Ազգային ժողովի ապարատը, կառավարության ապարատը և մարզպետարանների ու քաղաքապետարանների ապարատները: Այսինքն, եթե 4-5 անգամ ավելացրել են այդ ապարատները և այսօր 4-5 հոգով կրճատում են, դա ծիծաղելի է: Դա ամենևին չի նշանակում պետական ապարատի և բյուրոկրատական ապարատի կրճատում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Անդրադառնալով վարչապետի խոստացած կուռոպցիայի դեմ պայքարին՝ Մանուկյանը խորհուրդ է տալիս գնալ հայտնի Global Finacial Integrity կազմակերպության կապիտալի ապօրինի արտահանման վերաբերյալ ուսումնասիրության հետքերով, որի մասին ինքը խոսել է նաև Ազգային ժողովի ամբիոնից․ - «Կապիտալի ապօրինի արտահանում է տեղի ունենում Հայաստանում: Լուրջ գումարներ կան արտահանվող: Միջազգային կառույցները արձանագրել են, որ շուրջ մեկ տարվա ընթացքում 1.8 միլիարդ դոլար Հայաստանից ապօրինի դուրս է եկել: Սրանից լավ նյութ, որ այդ կոռուպցիոն հանձնաժողովը պետք է դնի և մանրամասն քննարկի, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, որ Հայաստանի հարուստները, Հայաստանի բիզնեսը, Հայաստանի փողատերերը իրենց փողերը հանում են արտասահման»:

Այս հարցով Արամ Մանուկյանը պատասխան է ստացել Կենտրոնական բանկից, որում նշված է, թե GFI-ը իրականում որևէ միջազգային կառույցի մաս կազմող կազմակերպություն չէ, իսկ Հայաստանի վերաբերյալ գնահատականը չափազանց ընդհանրական է և կատարվել է անընդունելի մեթոդաբանությամբ»: