Ամենից շատ տուժողներից է Արտակ Գալստյանը․ Ապարանի բնակիչը պատուհանների և կաթնամթերքի փոքրիկ արտադրամասեր ունի։ Հորդառատ անձրևը շարքից հանել է հոսքագծերը։
Արտակը ցույց է տալիս հեռախոսով նկարահանածը։ Անձրևի հոսքը վարար գետ է հիշեցնում։ Նկարահանման պահին տեղում դեռ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներն էին աշխատում։ Արտադրամասերի նկուղը դեռ լի է ջրով։ «Հիմա ստիպված էս պատը քանդում եմ, դուռ բացեմ, որ կարանանք էս կոմից աշխատել», - ասաց Գալստյանը:
Անձրևը հարևան տան տանիքն է վնասել։ Մի քանի փողոց այն կողմ նորածին խոճկորներն են ջրահեղձ եղել։
Վնասների հաշվարկ քաղաքային իշխանությունը դեռ չի կատարել, բայց Ապարանի քաղաքապետի հավաստմամբ, 180 մլն դրամանոց բյուջեով բնակիչների կրած վնասն ամբողջությամբ փոխհատուցել չեն կարող:
«Կարտոֆիլի, հավերի փոխհատուցման հարցը կաշխատենք համայնքի միջոցներով ապահովել: Մնացածը, երբ որ մեր հնարավորությունները չների, կդիմենք կառավարությանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքապետ Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ նման ամառ չի հիշում, տեղումներն աննախադեպ շատ են։
Նա խոստովանեց, որ սելավատարերը մաշված են, դրանք կարգի բերելու համար գումար չունեն․ - «Մենք սելավատարներ ունենք, որ հողային սելավատարներ են: Հողը մաքրում ենք, առու ենք պատրաստում, դրանք օգտագործում ենք որպես սելավատար: Իսկ նորմալ սելավատարը պետք է բետոնապատվի»:
Արթիկի և Ապարանի ջրհեղեղները, ըստ մասնագետների, ապացուցեցին, որ սելավատարերի թողունակությունը ճիշտ չի հաշվարկած։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տարերային աղետների բաժնի պետ Արթուր Մուրադյանն է արձագանքում․ - «Փորձից ելնելով՝ միգուցե վերահաշվարկ արվի որոշակի տեղերում սելավատարերի թողունակության: Փորձը ցույց կտա: Հիմա վնասի գնահատման հանձնաժողովն ա աշխատում, բայց ասեմ, որ վնասը համեմատելի չի Արթիկում եղածի հետ»:
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալով, Հայաստանի մոտ 30 տոկոսը սելավային վտանգի տակ է։