«Հույս ունեմ, որ ֆինանսական խնդիրը կառուցողական լուծում կստանա։ Համաձայնագրի կյանքի կոչման համար Եվրամիությունը պատրաստ է տրամադրել զգալի աջակցություն: Բացի այդ, կարծում եմ, մի շարք պետություններ նույնպես պատրաստ են ֆինանսապես աջակցել համաձայնագիրը կյանքի կոչելուն: Ընդհանուր առմամբ, միջազգային հանրությունը ծանրակշիռ աջակցություն է ցուցաբերում այս հարցում։ Ես բնույթով լավատես եմ և հույս ունեմ, որ օրենքի փոփոխությունները կիրականացվեն: Միաժամանակ հասկանում եմ, որ գործ ունենք շատ լուրջ մարտահրավերի հետ ոչ միայն ֆինանսական, այլև կազմակերպչական առումով: Դրանց կիրառման համար ծանր աշխատանք և նվիրում է հարկավոր», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Սվիտալսկին:
Նա լուրջ բարեփոխում է համարում փոփոխված Ընտրական օրենսգրքի կիրառումը, որից Հայաստանը «կշահի երկարաժամկետ հեռանկարում»։
Սվիտալսկին հիշեցրեց, որ բազմիցս շեշտել է՝ 2017-ի ընտրությունը վճռորոշ է լինելու Հայաստանի ապագայի համար:
Հարցին, թե արդյոք ընտրական գործընթացում Հայաստանի ներդրած 3 միլիոնը բավարար է, դեսպանն ուղիղ պատասխան չտվեց՝ այնուամենայնիվ նշելով․ - «Հայաստանը շատ կարիքներ ունի, բայց, հավատացեք, ռազմավարական տեսանկյունից քաղաքական համաձայնությունը կյանքի կոչելը իմաստուն քայլ կլիներ: Ես առաջիններից մեկն էի, որ շնորհավորեցի ընդդիմության և կառավարության ներկայացուցիչներին ընտրական փոփոխությունների համաձայնագրի առթիվ, որը իհարկե չի լուծում բոլոր հնարավոր խնդիրները, և մենք գիտենք, որ Ընտրական օրենսգքրի վերաբերյալ իշխող կոալիցիայի, ընդդիմադիրների և քաղաքացիական հասարակության միջև շատ լուրջ ու խորը տարաձայնություններ կան, դա ակնհայտ է։ Բայց միևնույն ժամանակ, պետք է ասեմ, որ ընդդիմության ու իշխանության ստորագրած այս փաստաթուղթը Հայաստանից դուրս ևս ընկալվում է որպես պատմական համաձայնագիր»:
Առաջիկայում Եվրամիության պատվիրակությունը բանակցություններ կսկսի Հայաստանի կառավարության հետ՝ պարզելու հաջորդ տարվա ֆինանսական աջակցության գլխավոր ուղղությունները։ Եվրամիության հարևանության ծրագրի նոր քաղաքականության համաձայն, դեսպանի խոսքով, ֆինանսական աջակցություն ցուցաբերելիս կարևորվում են տվյալ երկրի կարիքները։
Սվիտալսկին նշեց, որ այս տարի Եվրամիության աջակցությունը Հայաստանին համարյա ռեկորդային էր՝ մոտ 90 միլիոն եվրո․ - «Ես անձամբ կարծում եմ, որ մենք նույնիսկ կարող ենք մեծացնել Հայաստանի զարգացմանն ուղղված ներդրումները, բայց այս գործընթացը մեծապես կախված է այն բանից, թե որքանով արդյունավետ է եղել մեջ աջակցությունը մինչև օրս և որքանով արագ է Հայաստանը առաջխաղացում գրանցում դեպի եվրոպական արժեքներ և ստանդարտներ։ Գաղտնիք չի, որ մեր ֆինանսավորման մեծ մասը տրվում է պայմանով՝ երբ երկիրը համապատասխանում է շատ հստակ չափանիշների»:
Հարցին՝ արդյոք դեսպանը ծանո՞թ է «փողերը քամուն տալ» արտահայտությանը, Եվրամիության պատվիրակության ղեկավարն արձագանքեց․ - «Արտահայտությանը ծանոթ եմ, բայց գումարի արդյունավետության վերաբերյալ իմ գնահատականն այլ է։ Որևէ երկրում բարեփոխումների հիմնական լծակը զարգացման համար արված ներդրումները չեն: Բալկաններից մինչև Աֆրիկա շատ երկրների փորձից գիտեմ այս մասին: Բայց բոլոր դեպքերում էլ զարգացման համար տրված աջակցությունը մեծ ազդեցություն է ունենում: Ամեն ինչ կախված է տվյալ երկրում կառավարման մակարդակից․ օրենքի գերակայության և լավ կառավարման պարագայում ֆինանսական աջակցությունը մեծ արդյունքների է հանգեցնում»։
Դեսպանի կարծիքով, Եվրամիության՝ Հայաստանում ամեն տարի արվող միլիոնավոր եվրոների ներդրումների դրական ազդեցությունը նկատվում է անգամ Հայաստանի մի շարք հասարակ քաղաքացիների կյանքում:
Միևնույն ժամանակ, Սվիտալսկին ավելացնում է, որ Հայաստանի նման երկրների հսկայական խնդիրները հաշվի առնելով, տարեկան 50 միլիոնի աջակցությունը չի կարող փոխել երկրում իրավիճակը, այլ կարող է ընդամենը նպաստել որոշակի ոլորտներում բարեփոխումներին։