Մատչելիության հղումներ

Լևոն Զուրաբյան․ Իշխանությունները, այնուամենայնիվ, կգնան իրագործման ճանապարհով


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, արխիվ:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, արխիվ:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերջնական ընդունումից հետո իշխանություններն ու ընդդիմադիրները ընդամենը 2 ամիս ունեն դրա իրագործման համար անհրաժեշտ 16 միլիոն եվրոն հայթայթելու համար։

4+4+4 ձևաչափով քննարկումները նախաձեռնած ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Ավելի լավատես եմ, քան երբևէ: Ինչը չի նշանակում, որ երաշխավորված է գործընթացը: Բայց մենք պետք է հասկանանք մի բան, որ անգամ եթե ամեն ինչ շատ լավ գնա, անգամ եթե գումարները գտնվեն, բոլոր տեխնիկական սարքավորումները բերվեն, դա չի նշանակում, որ հարցը վերջնականապես լուծված է: Սա մշտական պայքար է․․․ Մենք պետք է հետևենք հետո այդ տեխնիկայի, այդ ծրագրավորման որակին»:

Օրերս տեղի ունեցավ ընդդիմության, իշխանության և դոնոր երկրների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ևս մեկ ոչ-ֆորմալ հանդիպում, որից հետո Զուրաբյանը հայտարարեց, որ պահանջված 16 միլիոնից 9-ը խոստացել են դոնոր կազմակերպություններն ու երկրները, ևս 3 միլիոնը կներդնի կառավարությունը, պակասում է մոտ 4 միլիոն։

«Պետք է նաև նշել, որ այդ երեք միլիոնը, որ իշխանությունները ներդնում են, դա ոչ թե այդ համաձայնության համար են ներդնում, այլ ներդնում են այն գումարը, որն այսպես թե այնպես պետք է ներդնեին՝ տեխնիկա առնելու նպատակով: Այսինքն, իշխանությունները դեռ ոչնչով իրենց ֆինանսական աջակցությամբ չեն ցույց տվել աշխարհին, որ իրենք բարձր են գնահատում այս համաձայնությունը, որ իրենք իսկապես ցանկանում են, որ այն կայանա»:

Իշխանության ներկայացուցիչները, մինչդեռ, պետական բյուջեից նոր գումարներ ուղղելու մասին լռում են։

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը, արխիվ:
Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը, արխիվ:

Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը հիշեցնում է բանակցային սեղանի շուրջը ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունը, որտեղ նման խոստում չի եղել․ - «Հայտարարության տեքստի մեջ տարբեր բաներ կար գրված: Առաջինը, որ սա անուղղակի ուղերձ էր միջազգային դոնոր կազմակերպություններին, որոնք պետք է ֆինանսավորեին այս բարեփոխումները: Իսկ այդ կետը գրվել և ավելացվել է այդ հայտարարության մեջ բոլորի կողմից քննարկումներին մասնակցելու արդյունքում, բոլորի գիտությամբ»:

Ըստ Զուրաբյանի, եթե ընդամենը 4 միլիոն պակասորդի պատճառով փոփոխությունները չիրականացվեն, Հայաստանի իշխանությունները նախանձելի իրավիճակում չեն հայտնվի․ - «Եվ դրանից հետո սպասել, որ աշխարհում նրանց նկատմամբ կլինի լուրջ վերաբերմունք․․․ Ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ իշխանությունները գիտակցում են սա․․․ Իրենք, այնուամենայնիվ, կգնան իրագործման ճանապարհով»:

Թեև երեկ խորհրդարանում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները արժանացան 104 պատգամավորի հավանությանը, կային նաև քննադատներ՝ և՛ ընդդիմադիրների շարքերից, և՛ քաղաքացիական հասարակության, որոնք թերահավատ են, թե իշխանությունները բավարար կամք կցուցաբերեն պահանջված գումարը հայթայթելու ու բաեփոխումներն իրականացնելու համար։

Զուրաբյանն այս հարցում իր լավատեսությունը բացատրում է Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակով․ նրա խոսքով՝ «անգամ Հանրապետականն է գիտակցում, որ բռի մեթոդներով այլևս չեն կարող պահել իշխանությունը»․ - «Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք բավականին խոցելի վիճակում ենք, ինչի մասին մենք վաղուց էինք խոսել։ Ժողովուրդը արտագաղթում է շատ բարձր տեմպերով, և դրա առաջին պատճառը այն է, որ կորել է պետության և պետական ինստիտուտների նկատմամբ հավատը: Այդ հավատի վերականգնման լավագույն միջոցը ազատ և արդար ընտրություններն են»:

Ընտրական օրենսգրքի շուրջ բանակցություններին մասնակցած Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանը հերքում է պնդումները, թե իրենք քաղաքական կամք չեն դրսևորում բանակցված փոփոխությունները կյանքի կոչելու հարցում․ - «Այս փուլում արդեն իսկ ամեն ինչ արել ենք, որպեսզի այն փոփոխությունները, այն մոտեցումները, որոնք հավանության են արժանացել քաղաքական դաշտում գրեթե բոլորի կողմից, կյանքի կոչվեն: Եվ մենք գնացել ենք այդ փոփոխություններին ընդառաջ, որպեսզի ևս մեկ անգամ ցույց տանք, հավաստենք, որ մենք պատրաստ ենք և ամեն ինչ անելու ենք, որպեսզի անցկացնենք ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ»:

XS
SM
MD
LG