Ժան-Մարկ Էրո․ Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել ԼՂ հարցով բանակցությունների համար

Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ժան-Մարկ Էրոյի և Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսը, Փարիզ, 29-ը հունիսի, 2016 թ․

Երևանն ու Բաքուն դեռ չեն արձագանքել այս առաջարկին:

Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր բանակցությունների համար: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն, Փարիզում իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:

Հիշեցնենք՝ Լավրովը Փարիզ է մեկնել նախօրեին, այսօր արդեն տեղի են ունեցել երկու արտգործնախարարների բանակցությունները միջազգային մի շարք հարցերի, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: «Մենք նաև քննարկել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Սերգեյ Լավրովը մեզ տեղեկացրել է Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունների արդյունքների մասին: Ես հիշեցրել եմ, որ մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել Փարիզում նոր քննարկումների համար»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Անցյալ շաբաթ Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու՝ պաշտոնական Փարիզի մտադրության մասին բարձրաձայնել էր Բաքվում Ֆրանսիայի դեսպան Օրելիա Բուշեն, հայտարարելով, թե որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ֆրանսիան պատրաստ է ղարաբաղյան կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել: Երևանն ու Բաքուն, սակայն, չէին արձագանքել այս առաջարկին:

Փետրվարից Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնած Ժան Մարկ Էրոյի հետ արդեն թվով չորրորդ հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարարն այսօր հայտարարել է, թե Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև երկխոսությունը զարգանում է կառուցողական ճանապարհով ՝ «այդ թվում միջազգային օրակարգում»: «Ես գոհ եմ բանակցություններից, որոնք ընթացել են կառուցողական մթնոլորտում՝ ռուս-ֆրանսիական հարաբերություններին բնորոշ»,- ասել է Լավրովը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, նա նշել է, թե գնահատականներ են փոխանակել Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ, քանի որ երկու երկրներն ու նաև ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են: «Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումներ պարբերաբար անցկացվում են»,- հավելել է Լավրովը, շեշտելով, որ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը հրավիրելով՝ ՌԴ նախագահը նպատակ ուներ խոսել տարածաշրջանում անվտանգության ամրապնդման ուղիներ գտնելու և քաղաքական կարգավորման համար պայմաններ ստեղծելու հարցերի շուրջ:

Մինչ պաշտոնական Մոսկվան երեկ հայտարարում էր, որ այժմ ղարաբաղյան թեման «լռության կարիք ունի», և «դրա վրա պետք է աշխատեն դիվանագետներն ու փորձագետները», Գերմանիայի արտգործնախարարն այսօր ահազանգել է՝ ԼՂ հակամարտությունը ահագնացման վտանգ է պարունակում: Այս մասին նա հայտարարել է Բեռլինում՝ Հարավային Կովկաս մեկնելուց առաջ:

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ -Վալտեր Շտայնմայերն այս պահին արդեն Երևանում է: Նա իր եռօրյա այցի շրջանակներում Հայաստանից բացի կլինի նաև Ադրբեջանում և Վրաստանում: