Ամանորի գիշերվանից ճաղերի հետևում հայտնված Գևորգ Սաֆարյանի դեմ ցուցմունք տված ոստիկաններից մեկն այսօր կրկին դատարանում էր, պատճառը՝ նախաքննական և դատավարական վկայությունների իրարամերժ հայտարարություններն էին։
Ոստիկանն այսօր էլ պնդեց՝ հստակ տեսել է, որ Գևորգ Սաֆարյանը բռունցքով հարվածում է իր վերադաս մայոր Գեղամ Խաչատրյանին, սակայն, ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ր ձեռքով՝ այլևս մտաբերել չի կարող։
«Նախաքննության ընթացքում վկաները գալիս են դատարան և փաստացի տալիս են մոտավորապես այսպիսի ցուցմունք՝ «մենք տեսանք, որ Գևորգ Սաֆարյանը խփեց Գեղամ Խաչատրյանին, մնացածը ոչ մի բան չենք հիշում», ոչ հիշում են՝ դրանից առաջ ինչ տեղի ունեցավ, ոչ հիշում են, թե դրանց հետո ինչ տեղի ունեցավ, և ամեն կերպ փորձում ենք պարզաբանել, վկաներից պատասխաններ ստանալ։ Լավ, ենթադրենք դուք ճիշտ եք ասում, ենթադրենք սուտ ցուցմունք չեք տալիս, լավ, դրանից հետո ի՞նչ եղավ», - ասաց Գևորգ Սաֆարյանը։
Պատշպանական կողմի արձանագրած հաջորդ էական հակասությունը կրկին հարվածներին էր վերաբերում։ Դատարանում վկան մի քանի անգամ հայտարարել էր, որ Ամանորի գիշերն Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանները քաղաքացիներին չեն հարվածել, մինչդեռ քննիչի մոտ՝ հարցաքննության ժամանակ, իր իսկ կողմից ոտքի ու բռունցքի հարվածների մասին էր պատմել։
«Թող գոնե մեղադրողը պատասխանի, ասի՝ ինչո՞վ է բացատրվում այն հակասությունը, որ վկան ասում է՝ «ոտքերով, բռունցքներով հարվածել ենք», դատարանում ասում է՝ «չենք հարվածել»։ Եթե ինչ-որ մեկը հասկացել է, շատ լավ, բայց եթե չի հասկացել, հարգելի դատարան, եթե հնարավոր չէ հասկանալ այս ցուցմունքը, էդ դեպքում ինչո՞ւ են իմ հարցերը հանվում։ Հարգելի դատարան, ուզում եմ պատճառը հասկանալ, թե ինչո՞ւ է վկան նույն դեպքի վերաբերյալ ակնհայտ հակասական ցուցմունքներ տալիս, վկան ստում է, ինչո՞ւ է վկան սուտ ցուցմունք տալիս դատարանին», - հարցրեց Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը։
Մեղադրող դատախազն այսօր պարբերաբար առարկում էր պաշտպանական կողմի հնչեցրած հարցերին, ինչը փաստաբան Հայրապետյանը ոստիկանի ցուցմունքներն ուղղորդելու հնարք որակեց։ «Հուշում է, հարգելի դատարան, թող չշարունակի», - հայտարարեց փաստաբանը։
Կրկնակի հարցաքննությունից հետո, ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվող Գևորգ Սաֆարյանը հայտարարեց՝ փաստերի վերաբերյալ իրարամերժ հայտարարությունները վկայում են այն մասին, որ ոստիկանները միմյանց հետ համաձայնեցված ցուցմունքներ են տալիս։
«Այնպիսի տպավորություն է, որ վկայի հիշողության մեջ միայն Գևորգ Սաֆարյանի ձեռքն է, ձեռքից այն կողմ չի հիշում, թե ինչ է կատարվել։ Ես դատավարության այս ընթացքում արդեն ֆիքսում եմ, որ վկաները տալիս են ակնհայտ հորինված և սուտ ցուցմունքներ, ինչով էլ և պայմանավորված է իրենց այդ չակերտավոր չհիշելը», - եզրափակեց Սաֆարյանը։
Մյուս ոստիկանների վկայությունները դատարանը կլսի հաջորդ դատական նիստին, պաշտպանական կողմը վստահ է՝ հակասությունների շարքը դրանից է՛լ ավելի կընդլայնվի։