Ապօրինի կերպով զենք և ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու և փոխադրելու մեղադրանքով երկու ամսով կալանավորված «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը չի բացառում, որ ազատամարտիկը դեմքով ճանաչում է այս գործով առերեսված երկու մեղադրյալներին։
Փաստաբանն «Ազատության» հետ զրույցում միաժամանակ շեշտեց՝ Սեֆիլյանն այդ երկու անձանց հետ անձամբ ծանոթ չէ։ Շարժման անդամ Վարուժան Ավետիսյանն էլ չբացառեց, որ այդ անձինք «Նոր Հայաստան» շարժման գրասենյակ այցելած լինեն որպես համակիրներ, բայց, ըստ Ավետիսյանի, նրանցից ոչ ոք «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ չէ։
«Չեմ բացառում, որ մի մասին եթե դեմքով տեսնեմ, կհիշեմ։ Հայաստանը փոքր երկիր է այդ առումով, մեծ հայրենիք է, բայց տարածքով փոքր է, և մենք շատերս իրար ճանաչում ենք։ Ես ուղղակի տեսականորեն չեմ բացառում, որ առնվազն մի մասին դեմքով ինչ-որ տեղ տեսած լինեմ, կամ ճանաչեմ ինչ-որ չափով», - ասաց Ավետիսյանը։
Սեֆիլյանի պաշտպաններն այսօր հայտարարեցին, որ, շինծու համարելով այս քրեական գործը, ազատամարտիկը շարունակում է լռություն պահպանել։
Օրեր առաջ կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պահանջելով չեղյալ համարել կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Արա Զաքարյանն ասաց, որ չնայած բողոքին, մեծ հույսեր չեն կապում Վերաքննիչի հետ։
Պաշտպաններն իրենց բողոքում մի շարք հանգամանքներ են վկայակոչել, որոնք, նրանց խոսքով, առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Սեֆիլյանի կողմից առաջարկված գրավին։ Զաքարյանը նաև նշեց, որ առաջին ատյանի դատարանն այդպես էլ չի հիմնավորել կալանքի մասին որոշումը։
«Չկան հիմնավոր կասկածի վերաբերյալ հիմնավորումներ, չկա օբյեկտիվորեն ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու վերաբերյալ ոչ մի հիմնավորում, ոչ մի պատճառաբանություն չկա գրավը մերժելու վերաբերյալ, այն դեպքում, երբ կան բազմաթիվ նախադեպեր», - ասաց փաստաբանը։
Պաշտոնական տվյալներով՝ այս գործով 9 մեղադրյալ կա։ Արա Զաքարյանն ասում է, որ Սեֆիլյանի հետ առերեսված մեղադրյալներն առերեսման ժամանակ պնդել են, թե Սեֆիլյանն է կազմակերպել զենքի շրջանառությունը մի շարք շինություններ գրավելու համար։ Միաժամանակ, ազատամարտիկի պաշտպանը պնդում է, որ առերեսման ժամանակ մեղադրյալը ճնշված էր։ Նա չբացառեց նրա նկատմամբ ֆիզիկական բռնությունը։
«Մեծ հավանականությամբ կարող եմ ասել, որ նրանց առջև դրել են նաև Քրեական օրենսգիրքը, ցույց տվել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը՝ իշխանության յուրացում, և ներկայացրել, որ եթե դուք հանկարծ ցուցմունք չտաք այն մասին, որ նախապատրաստական քայլեր են կատարվել Ժիրայր Սեֆիլյանի կողմից իշխանությունը յուրացնելու ուղղությամբ, մենք ձեզ այս հոդվածով մեղադրանք կառաջադրենք։ Իսկ եթե այդպիսի ցուցմունք տաք, այդ 300-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, կազատվեք քրեական պատասխանատվությունից։ Հոդվածի սանկցիան բավականին խիստ է՝ 10-ից 15 տարի», - հայտարարեց Արա Զաքարյանը։
Սեֆիլյանի պաշտպանները պնդում են, որ գործը քննող Քննչական կոմիտեն խախտում է իրենց իրավունքները, մասնավորապես՝ թույլ չի տվել առերեսման ժամանակ հարցեր ուղղել մյուս մեղադրյալներին։ Ըստ պաշտպանների, հարցաքննութունը կրում էր ձևական բնույթ և նպատակ ուներ վերահաստատել Սեֆիլյանի դեմ ցուցմունքները։
Վերջին տասը տարիների ընթացքում արդեն երրորդ անգամ կալանավորվող ազատամարտիկին ձերբակալելուց հետո իրավապահները հայտարարեցին, թե մեկ ամիս առաջ ավտովթարի արդյունքում հայտնաբերվել են երկու ԱԿ-74 ինքնաձիգներ, որոնցով Սեֆիլյանը մյուս 8 մեղադրյալների հետ փորձել է զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը:
Նրա պաշտպան Արա Զաքարյանը չի բացառում, որ հոդվածը կվերաորակվի ավելի ծանր՝ իշխանության յուրացման մեջ մեղադրանքով։
Աջակիցները «Նոր Հայաստան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կալանավորումը համարում են քաղաքական պատվեր։ Վարուժան Ավետիսյանը պնդում է, թե իշխանությունը Սեֆիլյանին որոշեց չեզոքացնել ապրիլյան ռազմական գործողությունների, մասնավորապես՝ կորցրած 800 հեկտար հողատարածքը վերադարձնելու պատրաստակամության մասին նրա հայտնի հայտարարությունից հետո։