Պաշտոնական Անկարան առաջին լուրջ քայլերն է կատարում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհին:
Ըստ Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ անցած տարվա նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման վերաբերյալ:
Էրդողանը իր նամակում ցավակցություն է հայտնել զոհված ռուս օդաչուների ընտանիքներին և ներողություն խնդրել տեղի ունեցածի համար:
«Մենք երբեք ցանկություն և դիտավորյալ մտադրություն չենք ունեցել խոցելու ռուսական ինքնաթիռը», - մասնավորապես, ասված է Էրդողանի նամակում․ - «Ես ուզում եմ ևս մեկ անգամ խորը ցավակցություն հայտնել զոհված ռուս օդաչուի ընտանիքին և ասել՝ ներեցեք: Ռուս օդաչուի ընտանիքին մենք ընդունում ենք որպես թուրք ընտանիքի: Ցավը և հասցված վնասը թեթևացնելու համար, մենք պատրաստ ենք ցանկացած նախաձեռնության»:
Թուրքիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել անել հնարավորը ռուս-թուրքական բարեկամական հարաբերությունների վերականգնման համար:
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը ևս այսօր իր ելույթում ազդարարել է ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման մասին: «Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների մեղմացման միտում է նկատվում: Դրական ազդանշան կա նաև ռուսական կողմից», - հայտարարել է Քուրթուլմուշը` նշելով, որ Ռուսաստանին նամակներ են հղել ոչ միայն Թուրքիայի նախագահը, այլև վարչապետն ու արտգործնախարարը: