Հռոմի Պապ․ Տարօրինակ կթվար Հայաստանում ցեղասպանություն բառը չգործածելը

Հռոմի Պապի ընդունելությունը Հայաստանի նախագահի նստավայրում, Երևան, 24-ը հունիսի, 2016թ․

Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը Վատիկան վերադարձի ճանապարհին պարզաբանել է՝ ինչու իր նախապես պատրաստված խոսքում Երևանում ավելացրեց այդ բառը:

«Հայերի բնաջնջման մասին խոսելիս Արգենտինայում միշտ գործածում են ցեղասպանություն բառը, ես այլ բառ չգիտեի», - հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը՝ Հայաստանից Վատիկան ճանապարհին լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչու Երևանում որոշեց իր նախապես պատրաստված խոսքում ավելացնել ցեղասպանություն բառը:

«Երբ եկա Հռոմ, լսեցի մյուս բառերը ևս՝ «մեծ աղետ» կամ «սարսափելի ողբերգություն» և հայերեն տերմինը, որ չգիտեմ ինչպես ասել, և ինձ ասացին, թե այդ մեկը վիրավորական է, թե «ցեղասպանությունը» գործածելը վիրավորական է, և դուք պետք է որևէ այլ բան ասեք», - նշել է Պապը:

«Ես խոսել եմ նաև վերջին հարյուրամյակի երեք ցեղասպանությունների մասին՝ առաջինը՝ հայերի, հետո՝ Հիտլերը, և վերջինը Ստալինն է», - ասել է Ֆրանցիսկոսը:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը շեշտել է, որ որոշել է ուրբաթ օրը Հայաստանի նախագահի նստավայրում իր ողջույնի խոսքում գործածել ցեղասպանություն բառը, քանի որ ասել էր այն նաև նախկինում, սուրբ Հովհաննես Պողոս երկրորդն էր ասել այն նախկինում, «և շատ տարօրինակ կթվար Հայաստանում այն չասելը»:

«Ես դա ամենևին վիրավորական իմաստով չասացի, այլ՝ օբյեկտիվորեն», - ասել է Ֆրանցիսկոս Պապը:

Հիշեցնենք, Թուրքիայի փոխվարչապետը դատապարտել է Հայոց ցեղասպանության մասին Հռոմի Պապի՝ Երևանում հնչեցրած հայտարարությունները և պնդել, թե դրանք բնորոշ են «խաչակրաց արշավանքների մտածելակերպին»: Վատիկանը, ի պատասխան, պաշտոնական Անկարային հորդորել է ճիշտ ընկալել Ֆրանցիսկոսի ասածը: