Էջմիածնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն Ֆեդերիկո Լոմբարդին արձագանքեց Թուրքիայի փոխվարչապետի հայտարարությանն այն մասին, թե Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Պապի հայտարարությունը բնորոշ է «խաչակրաց արշավանքի մտածելակերպին»:
«Հռոմի Պապը երկխոսության, խաղաղության կամուրջներ գցելու ուղու մասին է խոսում: Եթե ինչ-որ մեկն ուշադիր լսում ու կարդում է նրա ասածը, չի գտնի ոչինչ դրանում` մեկնաբանելու որպես «խաչակրաց ոգի», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Լոմբարդին:
«Ես կարող եմ հորդորել ճիշտ կարդալ ու ընկալել Պապի ասածն ու գրածը: Ես հասկանում եմ՝ խնդիրների, լարվածության վերաբերյալ կան այլ պատկերացումներ, բայց նրա ասածը ժողովուրդների միջև հիմքեր գցելուն է ուղղված: Նա աղոթել է հանուն դրա: Նա որևէ խոսք չի արտահայտել թուրք ժողովրդի դեմ, նա խոսել է թուրքերի ու հայ ժողովրդի միջև հաշտության մասին»,- նշեց Սուրբ Աթոռի ներկայացուցիչը: