Հռոմի Ֆրանցիսկոս Պապը սկսեց իր այցելությունը Հայաստան։ Սրբազան Քահանայապետի հայաստանյան այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ Պապի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Ֆրանցիսկոս Պապին դիմավորեցին նախագահ Սերժ Սարգսյանը և Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Դիմավորման պաշտոնական պատվիրակությունների կազմում էին պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ:
Օդանավակայանի նախագահական սրահում նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կարճատև զրույցից հետո, Սրբազան Քահանայապետը ուղևորվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Զաքարիա վարդապետ Բաղումյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Ֆրանցիսկոս Պապն ու Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Տրդատադռնից» սկսած թափորով՝ եկեղեցականների ուղեկցությամբ և զանգերի ղողանջների ներքո, շարականների երգեցողությամբ կմտնեն Մայր Տաճար։
«Մայր Տաճարում նրանք կխոնարհվեն Իջման սուրբ սեղանին, կհամբուրեն սուրբ Ավետարանը և սուրբ խաչը։ Հետաքրքրական է, որ այդ խաչի մեջ, ըստ ավանդության, պահպանվում է Քրիստոսի լվացման կոնքից մեկ հատված, որը, անվանդաբար, Հայաստան աշխարհ է բերել Սուրբ Թադեոս առաքյալը։ Այնուհետև երկու կողմերից երկու հովվապետերը կբարձրանան խորան, կլինի ողջագուրում և փոքրիկ մի արարողություն, որը բաղկացած է քարոզից, աղոթքներից և սաղմոսներից, այնուհետև Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարի գալուստ կմաղթե Հռոմի Պապին և Պապն իր շնորհակալության խոսքը կասի։ Այնուհետև երկու հովվապետերը կօրհնեն հավաքվածներին և այնուհետև այդպես նույն ձևով՝ թափորով, դուրս կգան Մայր Տաճարից և կուղղվեն Վեհարան, որտեղ պետք է բնակվի Հռոմի Պապը», - ասաց Զաքարիա վարդապետ Բաղումյանը։
Հարցին, թե այսպիսի ակտիվություն եղե՞լ էր 2001 թվականին, երբ Հայաստան եկավ Հովհաննես Պողոս երկրորդ Պապը, տեր Զաքարիան պատասխանեց. - «Գիտեք, ինձ թվում է, որ ժամանակները մի քիչ տարբեր են. 2001 թվականին մենք տոնախմբում էինք քրիստոնեության որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակը, և մենք բազմաթիվ եկեղեցու պետերի ընդունեցինք այդ ժամանակ, բայց այսօր մի քիչ այլ է, որովհետև Ֆրանցիսկոս Պապը ավելի շատ ոչ թե ընկալվում է իբրև եկեղեցու առաջնորդ, այլ մի մարդ՝ խարիզմատիկ մի անձնավորություն, որ իր արդարության ձայնն է բարձրացնում, և կարծում եմ, որ ժողովրդի մեջ, անկախ իրենց սոցիալական, քաղաքական և կրոնական հայացքներից, այս մարդն իսկապես հետաքրքիր անձնավորություն է, և մարդիկ այսօր եկել են նրան տեսնելու, նրա օրհնությունը ստանալու և լսելու նրա խոսքը», - ասաց Զաքարիա վարդապետը՝ շարունակելով. - «Շատ կարևոր իրադարձություն է մեզ համար, երբ որ երկու առաքելահաստատ եկեղեցիների առաջնորդները միասնաբար, ինչպես որ առաքյալները կարող էին անել առաքելական շրջանում, միասին պետք է աղոթեն, միասին պետք է ճաշակեն հաց, և սա մեզ համար կարևոր իրադարձություն է։ Մենք էլ եկել ենք իրենց աղոթակիցը լինելու»։