Երկու ամսով կալանավորված ազատամարտիկի շահերի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը վստահ է, որ միայն այս մեղադրանքն է առաջադրվել, քանի որ որևէ ապացույց շենքեր գրավելու մտադրության, կամ հանցավոր համագործակցության ձևավորման մասին չկա․ - «Ապացույցների իսպառ բացակայության պայմաններում այս մեղադրանքն է առաջադրվել»:
Հայրապետյանը պնդեց, որ հիմնավորված չէ նաև երեկ առաջադրված՝ զենք և ռազմամթերք փոխադրելը կազմակերպելու մեղադրանքը, քանի որ պարզ չէ, թե ինչ կապ ունի Սեֆիլյանը իրավապահների խոսքով՝ մեկ ամիս առաջ ավտովթարի արդյունքում հայտնաբերված երկու ԱԿ-74 ինքնաձիգների հետ․ - «Զենք կարող է հայտնաբերվի, բայց ի՞նչ կապ ունի Ժիրայր Սեֆիլյանը այդ զենքի հետ: Պատճառական կապը պետք է բացահայտվի, որ չի բացահայտվում: Եվ շատ աղոտ, պատրանքային, մշուշոտ․․․ անգամ այն հարցերը, որ մենք ցանկանում էինք ուղղել, վարույթն իրականացնող քննիչը չթույլատրեց հարց ուղղել: Այսինքն, ասվեց ոչ-կոնկրետ, լղոզված ինչ-որ բաներ, և պաշտպանական կողմին չհաջողվեց անգամ հարցեր ուղղել՝ հստակեցնելու համար, թե ինչ զենքի մասին է խոսքը, ինչ հանձնարարության մասին է խոսքը»:
Քննչական կոմիտեից «Ազատության»-ը պատասխանեցին, թե որևէ հակասություն իրենց հայտարարությունների և Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքի միջև չկա․ իրենք միայն նշել են, որ զենքերի շրջանառության նպատակն է եղել շինությունների և հաղորդակցության միջոցներ գրավումը:
Հանրային հեռուստաընկերությունից «Ազատության» հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը, որ վերջին մի քանի ամիսներին ոստիկանությունը տարածքում ուժեղացված հսկողություն է իրականացնում, սակայն չմանրամասնեցին, թե դա ինչով է պայմանավորված:
«Ազատության» հետ զրույցում վերջին տասը տարիների ընթացքում արդեն երրորդ անգամ կալանավորվող ազատամարտիկի կինը՝ Նանոր Սեֆիլյանը ասաց, որ բռնությունն ու զինված գործողությունները երբեք իր ամուսնու մեթոդները չեն եղել․ - «Ժիրայրը երբեք բռնի, ուժով, զենքով․․․ հեղափոխության մասին երբեք չի ասել: Ինքը էդ գործի մարդը չէ: Ինքը միշտ ասել է՝ պետք է ժողովրդին մոբիլիզացնենք, պետք է ժողովրդին այն մակարդակին հասցնենք, որ ժողովուրդը ինքը ընդվզի»:
Սեֆիլյանի կալանավորումը այսօր տարածած հայտարարությամբ դատապարտել են հայաստանյան ավելի քան երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ՝ ազատազրկումը համարելով քաղաքական հետապնդում: