Հայկ Խանումյանին առևանգելու գործով մեղադրյալը կալանավորվել է

Հայկ Խանումյանը հիվանդանոցում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված Երևան քաղաքի բնակիչ, 1968 թվականին ծնված Էրիկ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Ղարաբաղի քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար:

Ըստ Ղարաբաղի ոստիկանության կայքի, Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել է մեղադրյալ Էրիկ Պողոսյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Նախաքննությունը շարունակվում է:

Խանումյանը, հիշեցնենք, ծեծի է ենթարկվել հունիսի 6-ին։ Պատգամավորին առևանգելու փաստով հարուցվել է քրեական գործ։ Գործով ավելի վաղ երկու մարդ է կալանավորվել։