Բագրատ Էստուկյան․ Թուրք հասարակությունը հետզհետե գիտակցում է, թե 1915-ին ինչ է եղել

«Ակոս» թերթի խմբագիր Բագրառ Էստուկյանը զրուցում է «Ազատության» հետ:

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից շաբաթներ անց Թուրքիայի իշխանությունները նախկինի պես շարունակում են իրենց ժխտողական քաղաքականությունը:

Բանաձևը, սակայն, Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» երկլեզու պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի կարծիքով, հարցեր է առաջացրել հասարակության շրջանում․ - «Հասարակությունը հետզհետե կգիտակցի, որ 1915-ին ինչ եղած է, ինչի մասին է խոսքը»:

Բացի այդ, ըստ Էստուկյանի, Բունդեսթագի բանաձևը կարևոր էր այն առումով, որ Գերմանիան ընդունեց մեղսակցության իր բաժինը։ «Չմոռանանք, որ իր երկրում ապրող թուրք բնակչությունը չորս միլիոնից ավելի է, և այս երկու երկրները իրար հետ խիստ կապված են», - նշեց նա։

Հայ-թուրքական հաշտեցման ցյուրիխյան արձանագրությունների ձախողումից հետո, Էստուկյանի խոսքով, Թուրքիայում Ադրբեջանի ներդրումներն ու ազդեցությունն ավելի են աճել, և հիմա պաշտոնական Անկարան առավել քան երբևէ հայ-թուրքական հարաբերությունների հարցը համաձայնեցնում է Բաքվի հետ։

«Իսկ Հայաստանը արդեն 25 տարի է, որ առանց Թուրքիայի սահմանի, Ադրբեջանի կողմից շրջափակման ենթարկվելով, ծով չունենալով, գոյատևելու փորձը տվեց: Իրենք կարծում էին, թե այդ շրջափակումով Հայաստանը ծունկի պիտի գա, բայց 25 տարի է անցել, ծունկի չի իջել․․․ Թող թուրքերը խորհեն, թե ինչքան կարող են սահմանը փակ պահել, Եվրոպայի մեջ ուրիշ փակ սահման չկա», - ասաց նա:

Անդրադառնալով հայկական համայնքի խնդիրներին՝ Էստուկյանն ասաց, որ Ստամբուլից ևս շատերը տեղափոխվում են Արևմուտք: Այնուամենայնիվ, նրա վկայությամբ, համայնքը աշխույժ է, հայկական դպրոցներն ունեն մոտ 3000 աշակերտ։

Էստուկյանի խոսքով՝ պոլսահայ համայնքի համար այժմ կարևոր են Թուրքիայում ժողովրդավարության հարցերը, ինչի պատճառով էլ, ըստ նրա, անցյալ տարի խորհրդարանական ընտրություններին նրանց մեծ մասը նախընտրությունը տվեց քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը․ - «Քրդամետ կուսակցությանը զորակցեցին ոչ թե քրդերին սիրելու համար, այլ այդ կուսակցության խոստացած ժողովրդավարական սկզբունքների համար։ Եվ մինչև այսօր այդ մտայնությունը տակավին առողջ է»:

Ապրիլի 24-ին ընդառաջ հնչեցված և Հայաստանում լայն արձագանքի արժանացած՝ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանի ելույթը, ըստ Էստուկյանի, Թուրքիայում ևս մեծ ուշադրության է արժանացել։ Պոլսահայերը հիմնականում մտահոգվում են Փայլանի անվտանգության համար, իսկ թուրքական կողմը Փայլանի ելույթին առանձնապես չի հակադարձել, որովհետև, ընդգծեց «Ակոս»-ի խմբագիրը, ոչինչ չէին կարող ասել։