«Թուրքիայում մարդիկ պատմություն չգիտեն, նկատի ունեմ՝ մեր պապերի, իրենց պապերի պատմությունը, կամ էլ նախընտրում են քողարկել։ Սիվասում, Կայսերիում, Մալաթիայում, Թեքիրդաղում հայեր կային, պատգամավորներ կային և այսօր այդ մարդիկ չկան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թուրքիայի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:
Նա նշեց, որ Թուրքիայում մարդիկ կարծում են, թե հայերը դավաճաններ էին, և այդ պատճառով նրանց աքսորեցին դեպի սիրիական անապատ, մինչդեռ հայերն իրենց նման այս հողերի հնագույն ժողովուրդն էին, որ հազարավոր տարիների պատմություն ունեցող արմատներ ունեն։
Օրեր առաջ Փայլանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովին առաջարկել էր հետաքննություն սկսել և պարզել 1908-1915 թվականներին օսմանյան խորհրդարանում ներկայացված հայազգի յոթ պատգամավորների սպանության պատճառները։ Նա նշել էր, որ 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվել, աքսորվել և սպանվել են հարյուրավոր հայ մտավորականներ, այդ թվում՝ հայազգի յոթ պատգամավորները՝ Գրիգոր Զոհրապ, Հովհաննես Վարդգես Սերենգյուլյան, Նազարեթ Տաղավարյան, Կարապետ Փաշայան, Օնիկ Դերձակյան, Համբարձում Բոյաջյան, Պետրոս Հալաչյան (Հալաջյան):
«Թուրքական խորհրդարանում ես պատմեցի մեր պատգամավորների պատմությունը, ովքեր Մեջլիսում էին և երազում էին ժողովրդավար ճանապարհով լուծել իրենց և օսմանցիների ընդհանուր խնդիրները, սակայն ես փորձեցի ներկայացնել, որ իրականում հայ պատգամավորներին և հայ ժողովրդին դավաճանեցին», - պատմեց պատգամավորը։
Նա ընդգծեց, որ խորհրդարանում իր ելույթը մեծ արձագանք գտավ՝ և՛ Թուրքիայում, և՛ սփյուռքում, և՛ ամբողջ աշխարհում։ «Բազմաթիվ թուրք պատգամավորներ ինձ հարցրել են, թե ինչպես կարող են ուսումնասիրել և տեղեկություն ստանալ այս հարցի վերաբերյալ։ Հուսով եմ, որ բոլորը կպայքարեն այս սուտ պատմությունը մի կողմ դնելու և ճշմարտությանը՝ իրական պատմությանը հասնելու համար», - ասաց պատգամավորը՝ նշելով, որ ճշմարտությունն ակնհայտ է։
«Սկսած ապրիլի 24-ից հայ ժողովրդին հայ պատգամավորներին դավաճանեցին, նրանց սպանեցին, ոչնչացրեցին, և հանցագործությունը շարունակվում է, քանի որ 100 տարի է` թուրք հասարակությունը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովը չի առերեսվել այս ոչնչացմանը։ Այն ժամանակ հայ ժողովրդի հետ պատահած արհավիրքն այսօր նույն կերպ քրդերի կամ մյուս ընդդիմադիրների հետ է պատահում։ Մենք առաջարկում ենք արդար հիշողությամբ առերեսվել անցյալի հետ և դահիճներին իրենց անունով կոչել, ինչպես նաև ոգեկոչել դավաճանված, սպանված մեր ժողովրդին, պատգամավորներին, մտավորականներին, իսկ մարդասպաններին էլ պետք է մարդասպան կոչել», - ասաց Փայլանը։
Յուրաքանչյուր պատմություն մի ողբերգություն է, հավելեց պատգամավորը՝ նշելով, որ բոլորը պետք է նայեն Գրիգոր Զոհրապի, Նազարեթ Տաղավարյանի պատմություններին։ «Այդ պատմություններից ամեն մեկը մի ողբերգություն է, մեր պատգամավորները մինչև վերջ պաշտպանում էին միասին ապրելու իրենց պնդումները, սակայն ի պատասխան՝ նրանք բախվեցին մի գաղափարախոսության, որն անտեսեց նրանց ջանքերը, ապստամբները դաժանաբար ճնշվեցին, և վտանգվեց այս ամենից անտեղյակ Անատոլիայում արմատներ ձգած հայ ժողովրդի ապագան։ Ես ցանկացա սրա մասին պատմել խորհրդարանում, և մեծ արձագանք ստացավ։ Ուզեցա նաև ներկայացնել մեր պատգամավորներին, ցույց տվեցի նրանց լուսանկարները։ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ միասին լուսանկարները դրեցինք դահլիճում՝ աթոռներին, կարծես թե այդ պատգամավորներն այնտեղ լինեին», - պատմեց Փայլանը։
Նա ասաց, որ հպարտ է իր այդ քայլի և իր կուսակցության համար։ «Կարևոր էր, որ 100 տարի անց խորհրդարանում կրկին ներկայացվեցին մեր պատգամավորները, և մարդիկ տեսան նրանց պատմությունները, իմացան, թե ինչի համար էին նրանք պայքարում։ Ես շարունակելու եմ այս ուղղությամբ ջանքեր գործադրել», - ասաց Գարո Փայլանը։