Հարությունյան. Եթե չլինի ֆինանսավորում, ապա ԸՕ շուրջ համաձայնությունը փաստացի կայացված չէ

Զուրաբյանը հակադարձում է՝ իշխանությունները պատասխանատու են ստորագրածը կյանքի կոչելու համար։

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համոզմամբ՝ 2016 թվականի պետական բյուջեում բազմաթիվ անիմաստ ծախսեր կան։ Ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է բյուջեի վերանայում։

«Թվեր, որոնք հանել եմ 2016 թվականի հաստատված բյուջեից, այստեղ բազմաթիվ անիմաստ ծախսեր կան։ Քանի որ պետական շինարարության կարևորագույն գործընթացներից մեկը՝ Ընտրական գործընթացը, պահանջում է, որ մենք ունենանք իսկապես ազատ, արդար ինստիտուտներ, որը կվերականգնի վստահությունը պետության ինստիտուտների նկատմամբ, ես առաջարկում եմ այս բյուջեն վերանայել, բերել Ազգային ժողով, մենք կվերանայենք, կհանենք բազմաթիվ անիմաստ հոդվածներ և հանգիստ, շատ հանգիստ կլրացնենք 5-6 միլիոն դոլարի ծախսը», - ասաց Զուրաբյանը։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ նմանատիպ թեզերով Լևոն Զուրաբյանը գործընթացը տանում է ձախողման։

«Նմանատիպ թեզերով պարոն Զուրաբյանը այս գործընթացը տանում է ձախողման։ Կարծես թե փորձ է անում արդարացնելու, թե ինչու ինքը ակտիվորեն չի մասնակցելու գումարի հայթայթմանը, ինչպես զգացի, և եթե նմանատիպ կարգախոսներով գնանք առաջ՝ բյուջեն պետք է վերանայենք, անիմաստ ծախսեր կան և այլն, իհարկե, դոնորները մեծ ցանկություն չեն ունենա ֆինանսավորելու, և եթե մենք վաղն ունենանք ձախողում ֆինանսավորման, պարզ է, թե որտեղից է աղբյուրը, որտեղից եկավ այս ձախողման հենքը։ Սա ցավալի կլինի, եթե այս համաձայնությունը կյանքի չկոչվի ֆինանսների բացակայության պատճառով, և ես չգիտեմ, թե դա արդյո՞ք դիտավորյալ է արվում պարոն Զուրաբյանի կողմից, թե՞՝ ոչ», - ասաց Հարությունյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հակադարձեց՝ նշելով, թե ինքն ընդամենը բացատրում է, որ իշխանությունները պատասխանատու են ստորագրածը կյանքի կոչելու համար։ «Ես ասել եմ՝ ես ընդամենը ուզում եմ բացատրել, որ իշխանությունները բան են ստորագրել, պատասխանատու են դրա կյանքի կոչելուն և պետք է դրա համար հստակ աշխատանք անցկացնեն», - ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

4+4+4 ֆորմատով ամիսներ շարունակվող բանակցություններից հետո, հունիսի 15-ին իշխանությունը հայտարարեց, որ պատրաստ է քաղհասարակության և ընդդիմության ներկայացրած հինգ պահանջներից չորսին լուծումներ տալ և, ըստ այդմ, փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում։

Հաջորդ օրը՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովի դահլիճում ստորագրվեց նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպման տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փախհամաձայնության մասին հայտարարությունը:

Հարցին, որ եթե ֆինանսներ չլինեն, քաղաքական այս երկխոսության արդյունքում կայացված համաձայնությունը չեղյա՞լ է համարվում, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Սրա մասին մենք շատ հստակ խոսել ենք։ Սա նոր կետ չէ, ես նոր բան չեմ հորինում հիմա։ Պարոն Զուրաբյանը քաջատեղյակ է այդ կետից, ավելին՝ մենք սա քննարկել ենք, բանակցել ենք և համաձայնության եկել ենք։ Հիմա, նորից եմ կրկնում, այն հարցերը, որոնք գոնե գրված են և ստորագրված են, դրանց մասին չարժե այլ կարծիք հիմա արտահայտել, սա ուղղակիորեն գրված է, որ եթե չլինի ֆինանսավորում, և նաև գրված է, որ ֆինանսավորման համար մենք համատեղ դիմում ենք դոնոր հանրությանը, և եթե չլինի ֆինանսավորումը, ապա այս համաձայնությունը փաստացի կայացված չէ»։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունիս 19-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․