«Բերեք նոր նստաշրջան անցկացնենք: Դա նաև լուրջ բանավեճի, առողջ բանավեճի և տեսակետների բախման համար կարևոր մի իրադարձություն կդառնա և հնարավորություն կտա իսկապես վերանայել առաջնայնությունները», - ասաց Զուրաբյանը:
«Բարգավաճ Հայաստան»-ը դեմ չէ Զուրաբյանի առաջարկին։ Խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նույնպես տեսնում է բյուջեի վերանայման կարիք․ - «Ես կողմ եմ, որ մեր անվտանգության բյուջեն էապես բարձրացնենք: Եվ ես առաջիններից մեկն եմ եղել, որ «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» օրենքով ասել եմ՝ այս համակարգի ձեռնարկությունները պետք է Պաշտպանության նախարարության ենթականությունից դուրս գան»:
Իշխող քաղաքական ուժի պատգամավորները, սակայն, ռազմական ծախսերի փոփոխության անհրաժեշտություն չեն տեսնում։ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով, դեռ անցյալ տարվանից հաստատված 2016-ի բյուջեով քառօրյա պատերազմ նախատեսված չէր, սակայն հատկացվող գումարները սպառազինության համալրման համար բավական են․ - «Առայժմ ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում, որովհետև պետք է դա ուսումնասիրվի․․․ Եթե կլինի դրա անհրաժեշտությունը, մենք այդ հարցին կանդրադառնանք»:
Հարցին, թե արդյո՞ք քառօրյա պատերազմը ցույց չտվեց, որ ամեն րոպե պիտի պատրաստ լինենք և շարունակ համալրենք զինտեխնիկան, Բաղդասարյանն արձագանքեց․ - «Մենք ամեն րոպե պատրաստվում ենք և մտածում ենք համալրման մասին»:
Ընդդիմադիր ՀԱԿ-ը, մինչդեռ, 2016 թվականի բյուջեի կատարողականում անարդյունավետ ծախսեր է մատնանշում: Կրկնությունից խոսափելու լավագույն տարբերակը, ըստ Զուրաբյանի, այս տարվա բյուջեի վերանայումն ու այդ գումարները առաջնահերթ դարձած ոլորտներին հատկացնելը կլինի․ - «Ինչի՞ համար են էդ ավելացումները կատարվել․․․ Մենք կհասկանայինք, եթե էդ ավելացումները կատարվեին տնտեսության աշխուժացման նպատակով: Կամ, ասենք, պետական պատվերներ լինեին մեր ձեռնարկություններին և մեր գիտնականներին նոր զինատեսակներ մշակելու կամ գնելու ուղղությամբ: Բացարձակապես: Այդ ծախսերը կառավարական ծախսեր են, որոնցից ոչ մի օգուտ տնտեսությանը չի լինում: Եվ այդ ծախսերը այն ծախսերն են, որոնք ես կոչեցի բազեաբուծական, և ոչ մի հարց չհնչեց, թե դա ինչ է նշանակում, որովհետև բոլորը հասկացան, որ դրանով ուղղակի բազեներին են կերակրում»:
Գարնանային նստաշրջանի վերջին ճեպազրույցում այսօր խորհրդարանական խմբակցությունների հիմնական թեման հենց 2015 թվականի ֆինանսական գլխավոր փաստաթղթի կատարաողականն էր ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարը։
Այս հարցում կառավարության քայլերի մեջ առաջխաղացում չի տեսնում «Օրինաց երկիր»-ը․ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի կարծիքով, գործադիրի թիրախում իրականում կոռուպցիան չէ․ - «Կան հայտարարություններ, բայց դեռևս իրական ոչ մի բան չենք տեսնում: Երբ որ խոսվում է նոր մոտեցումների մասին, ասենք, կրճատումների վերաբերյալ կամ ավտոմեքենաների կրճատումների, այստեղ չի խնդիրը․․․ Իրական մոտեցումները և քաղաքական կամքի արտահայտությունը այսօր ես չեմ տեսնում»:
Շահգելդյանի փոխանցմամբ, ՕԵԿ-ը դեմ է նաև 2015-ի բյուջեի կատարողականին․ - «Հասկանալի է, որ տրանսֆերտներ են պակասել, բայց ներքին դինամիկան տնտեսության այս բոլոր ցուցանիշներով բացասական է: Եվ այս տեսանկյունից մենք բացասական ենք գնահատում բյուջեի կատարողականը»:
Միքայել Մելքումյանի պնդմամբ, 2015-ը ամենաբացասական տարին էր 2009-ից ի վեր: Մատնանշելով բազմաթիվ թերացումներ ու բացթողումներ՝ պատգամավորը միևնույն ժամանակ նշում է, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու բյուջեի կատարողականին: