Ռուսաստանի համար «անհասկանալի է», թե ինչո՞ւ է Հայաստանում տեղադրվել Գարեգին Նժդեհի արձանը

Ռուսաստանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է Երևանում հուշարձան տեղադրվել ի պատիվ Գարեգին Նժդեհի, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան նշել է, որ այս թեմային անդրադառնում է, քանի որ ստացվել են բազմաթիվ հարցեր, թե ինչպիսի՞ն է ռուսաստանյան կողմի արձագանքը Հայաստանում Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման կապակցությամբ:

«Մեր վերաբերմունքը Հայրենական մեծ պատերազմին բոլորը լավ գիտեն: Մեր վերաբերմունքը նացիզմի, նեոնացիզմի և ծայրահեղականության ցանկացած դրսևորմանն ու հերոսացմանը նույնպես բոլորը գիտեն՝ այն ամրագրված է միջազգային փաստաթղթերում: Եվ մեզ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է տեղադրվել նշված արձանը, չէ՞ որ մենք գիտենք Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայ ժողովրդի անմահ սխրանքի մասին», - ընդգծել է Զախարովան:

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվայի համար Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ պատմական ճշմարտության պահպանման հարցում Երևանի պաշտոնական դիրքորոշման ցուցիչը Հայաստանի վերաբերմունքն է մայիսի 9-ի տոնին՝ որպես բոլորի համար ընդհանուր Հաղթանակի օրվա: Հայաստանը նաև հանդիսանում է նացիզմի հերոսացման դեմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևի համահեղինակ երկիր, հավելել է Զախարովան՝ հիշեցնելով, որ Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ժամանակ հենց հայկական պատվիրակությունն է հնչեցրել ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ հայտարարությունը, որով աջակցություն էր հայտնել այս բանաձևին:

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության գաղափարախոսը համարվող Նժդեհի բրոնզե արձանը Երևանի սրտում՝ կառավարության երրորդ մասնաշենքի հարակից հրապարակում հանդիսավոր կերպով բացվեց մայիսի 28-ին, արարողությանը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մասնակցում էին երկրի իշխանական վերնախավի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Հայ ռազմական, քաղաքական և պետական գործիչ, Ցեղակրոն գաղափարախոսության և շարժման հիմնադիր Գարեգին Նժդեհը, ում գործունեության շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի օրինակով Ադրբեջանին բռնակցելու թուրք-բոլշևիկյան ծրագիրը, կասկածվել է նացիստական Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու մեջ և 1944 թվականին խորհրդային ուժերի՝ Բուլղարիա մտնելուց հետո ձերբակալվել, այնուհետև դատապարտվել 25 տարվա ազատազրկման և մահացել բանտում: Իր մահից տասնամյակներ անց՝ 1992 թ. մարտի 30-ին, Նժդեհը անկախ Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից արդարացվել է։