Մատչելիության հղումներ

Երևանում բացվեց Գարեգին Նժդեհի արձանը


Երևանում հանդիսավորապես բացվեց Գարեգին Նժդեհի արձանը, 28-ը մայիսի, 2016թ․
Երևանում հանդիսավորապես բացվեց Գարեգին Նժդեհի արձանը, 28-ը մայիսի, 2016թ․

Արձանին տրված գնահատականները խիստ տարբեր են՝ սկսած «կատարյալ» և «ֆանտաստիկից», մինչև «Պուշկինի» կամ «Պետրոս առաջինի նմանակ» լինելը:

Հանրապետականները «ֆանտաստիկ» և «կատարյալ» են համարում այսօր Երևանի կենտրոնում բացված՝ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը: Մինչ արձանի բացումը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով «Ազատության» հարցին, վստահեցրեց՝ այն դառնալու է «հայերի ամենասիրելի արձաններից մեկը»: Հնչող քննադատություններն ու համեմատությունները՝ Ռուսիո առաջին կայսեր Պետրոսի առաջինի հետ, նա որակեց «պրիմիտիվ»:

«Պրիմիտիվ դատողություններ են, այս արձանի մեջ ներառված է Նժդեհի ամբողջական կերպարը, ես գրեթե առաջին իսկ օրվանից այցելել եմ արվեստանոց, քանդակագործի հետ տեսել ենք, փուլ առ փուլ, 10-15 անգամ: Այս արձանը ֆանտաստիկ արձան է․․․»,- ասաց Շարմազանովը:

Այսօր Հայաստանի իշխանական վերնախավի բազմաթիվ ներկայացուցիչներ, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Հանրապետության տոնի առթիվ հավաքվել էին կառավարության երրորդ մասնաշենքի հարակից հրապարակում, որտեղ էլ հանդիսավոր կերպով՝ զինվորական նվագախմբի և ազգային համույթների կատարումների ուղեկցությամբ, Գարեգին Նժդեհի վիթխարի բրոնզաձույլ արձանը ներկայացվեց հանրությանը:

Նժդեհին իրենց կուսակցության գաղափարախոսը համարող ՀՀԿ-ում կարծում են, որ այժմ «քայլ առ քայլ» կերտում են այն պետությունը, որի մասին խոսում էր Նժդեհը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով՝ «Համենայն դեպս, գնում ենք այդ ուղղությամբ, և անկախ պետականության գոյությունը, Արցախյան հերոսամարտում մեր հաղթանակը, ապրիլյան քառօրյա պատերազմում մեր երիտասարդների հաղթանակը ցույց տվեց, որ նրանք ցեղակրոն, տարոնական և առաքելական քրիստոնեական գաղափարախոսության կրողներն են, այդ ամեն ինչը իր վրա է վերցրել Գարեգին Նժդեհը․․․»:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահ է, որ արձանը կոգևորի ժողովրդին, նոր ուժ ու վստահություն կհաղորդի մարդկանց: Ինքը՝ քաղաքապետը, դեռ 2011 թվականին է հավանել արձանի մանրակերտը: Այսօր էլ բոլորին հորդորում է՝ «շատ չխորանալ մանրուքների մեջ, գնահատել ընդհանուր, ամբողջական պատկերը»: «Սա ոչ մեկ հոգու, ոչ էլ երկու հոգու կարծիք չէ, ընդհանուր՝ կոլեկտիվ կարծիք է, իրականում շատ գեղեցիկ է: Եվ ամենակարևորը՝ Գարեգին Նժդեհի արձանը Երևանի սրտում իր տեղը գտավ»,- ասաց քաղաքապետը:

Արձանի բացման արարողությանը ներկա էին նաև Նժդեհի ազգականները: Նրա ծոռները՝ Արմեն Բաբայանն ու Վազգեն Տեր-Հարությունյանը հպարտ էին, որ այսօր իրենց հերոս ազգականի պատմությունը միայն պատմության դասագրքերում չի արտացոլված: Նրա ներկայությունն այժմ նաև քաղաքի կենտրոնում վեր խոյացող արձանով է ապահովված: Այդուհանդերձ, Նժդեհի ժառանգների գնահատականները արձանի գեղագիտական արժանիքների մասին տրամագծորեն տարբեր էին: «Հզոր արձան է», «բոյը դուրս եկավ, բայց դեմքը նման չի», «Պետրոս առաջինին է նման»:

Իր աշխատանքը կատարյալ և գերազանց է գնահատում հենց արձանի հեղինակը՝ Գագիկ Ստեփանյանը: Հնչող քննադատություններն էլ նա համարում է սրճարանային մակարդակի բամբասանքներ: «Քննադատելն իրենց իրավունքն է, արձանը կայացած է, արձանը կատարյալ է»:

Մասնագետների կարծիքով՝ միայն ժամանակը ցույց կտա՝ կդառնա՞ արդյոք Նժդեհի բրոնզակերտ քանդակը Երևանի սիրված արձաններից մեկը: Այսօր «Ազատության» հետ զրույցում արձանի մասին իրենց առաջին տպավորություններն էին հայտնում նաև երևանցիները: «Դեռ վաղ է գնահատելը», «Նժդեհը մեծ մարդ ա եղել, արձանն էլ ա մեծ», «Մի տուրիստ ինձ հարցրեց՝ սա Պուշկինի արձա՞նն է․․․ ինչքանով գիտեմ, Նժդեհը ծածանվող մազերով գանգրահեր չի եղել, ինչ-որ խրոխտ ոգի էի ուզում տեսնել, արծիվ՝ Հայաստանի վրա․․․»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG