Կառավարության աշխատակազմին ամրացված 15 միավոր տրանսպորտային միջոցները և 3 միավոր սարքերը հետ կվերցվեն և կամրացվեն կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությանը՝ հետագայում օտարելու նպատակով: Բացի այդ, ավտոպահեստամասերի և այլ տրանսպորտային նյութերի ձեռքբերման նպատակով կառավարության աշխատակազմի կազմակերպած գնման ընթացակարգերն այդ ավտոմեքենաների համար նախատեսված չափաբաժինների մասով թույլատրվել է հայտարարել չկայացած:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ծառայողական ավտոմեքենաների կրճատմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված, կառավարության այսօրվա մեկ այլ որոշմամբ առողջապահության նախարարության աշխատակազմին ամրացված 26 միավոր տրանսպորտային միջոցը հետ է վերցվում և ամրացվում Պետական գույքի կառավարման վարչությանը՝ հետագայում օտարելու նպատակով:
Մեկ այլ որոշմամբ էլ Ազգային ժողովի աշխատակազմին ամրացված 24 միավոր տրանսպորտային միջոցը հետ է վերցվել և ամրացվել Պետական գույքի կառավարման վարչությանը՝ հետագայում օտարելու նպատակով:
Վարչապետը նախարարներին ու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է 10 օրվա ընթացքում ավարտին հասցնել ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործընթացը:
Գործադիրի որոշմամբ՝ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի, Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի, առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի սեփականություն հանդիսացող չորս ավտոմեքենաները որպես նվիրատվություն կտրամադրվեն առողջապահության նախարարությանը՝ ընթացիկ աշխատանքների պատշաճ իրականացման համար: Միաժամանակ, առաջարկվում է նաև Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակին ամրացված ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել առողջապահության նախարարության աշխատակազմին:
Վարչապետը նշել է, որ սա այն բազմաթիվ դեպքերից է, երբ ՊՈԱԿ-ների վրա ձևակերպված մեքենաներն օգտագործել են գերատեսչությունները, նախարարությունները, և նման դեպքերը պետք է բացառվեն, ասված է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում: