Մատչելիության հղումներ

Կառավարությունը կրճատում է մոտ 800 ծառայողական մեքենա


Կառավարության նիստ, արխիվ
Կառավարության նիստ, արխիվ

Կառավարության այսօրվա նիստին հայտարարվեց նաև, որ գալիք շաբաթ սկսելու են պետական ապարատում կրճատումներ իրականացնելու նպատակով քննարկումները:

Այն, որ կառավարությանը այլևս պետք չեն հարկատուների հաշվին տարիներ ի վեր պահվող հարյուրավոր՝ այդ թվում շքեղ ավտոմեքենաներ, և գործադիրը, ինչպես պարզվեց, կարող է աշխատել նաև առանց դրանց, նիստում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը․ - «Առաջին փուլում կրճատվելու է 797 մեքենա: Փոքր-ինչ մանրամասնեմ՝ մենք աշխատել ենք բոլոր նախարարությունների հետ՝ բացի Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարություններից, բոլոր առընթեր մարմինների հետ՝ բացառությամբ Ոստիկանության, Ազգային անվտանգության և Քննչական ծառայություններից, ինչպես նաև Փրկարար ծառայությունից: Բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվում է 107-ով, իսկ մարմիններին ենթակա ՓՈԱԿ-ներում, փակ բաժնետիրական ընկերություններում և հիմնադրամներում կրճատվելու է 690 ավտոմեքենա»:

Հարությունյանը հավելեց, որ վարչապետի վերահսկողական ծառայությունը պարբերաբար ուսումնասիրություններ է անցկացնելու ավտոմեքենաների օգտագործման նպատակայնության վերաբերյալ, և պետական մարմինների կայքերում պետք է տեղեկատվություն զետեղվի բոլոր ծառայողական մեքենաների վերաբերյալ, թե տվյալ մեքենան ում է սպասարկում, ինչպես նաև նշվի մեքենայի մակնիշը, արտադրության թվականը, շարժիչի հզորությունը և պետական համարանիշը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իր ղեկավարած նախարարությունում կկրճատվի 41 ավտոմեքենա: «Ազատության» հարցին, թե արդյոք դա չի խոչընդոտի նախարարության աշխատանքը, Ասատրյանն արձագանքեց․ - «Հաշվի առնվել են այդ խնդիրները, որպեսզի աշխատանքին որևէ կերպ չխոչընդոտեն»:

Հաջորդ հարցին, թե այդ դեպքում ինչու էին տարիներ շարունակ հարկատուների հաշվին շահագործում այդ չորս տասնյակից ավելի ավտոմեքենաները, նախարարը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որ ցանկացած ժամանակահատվածի համար երբ որոշումները կայացվում են, ելնում են նաև տվյալ իրավիճակի խնդիրներից»:

Դիտարկմանը, թե Լոնդոնի նախկին քաղաքապետը հեծանվով էր գնում աշխատանքի, Ասատրյանն արձագանքեց․ - «Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում այդ խնդիրները այդպես էլ լուծվելու են»:

Կառավարության մյուս անդամները նույնպես միաբերան պնդում էին, որ ավտոմեքենաների կրճատումը չի անդրադառնա իրենց ղեկավարած գերատեսչությունների արդյունավետության վրա, թեև կառավարության նույն այդ անդամներից որևէ մեկը անցած տարվա վերջին չառարկեց 2016 թվականի պետական բյուջեի նախագծի հաստատման ժամանակ, երբ ծառայողական ավտոմեքենաների թիվը ավելացավ 83-ով՝ հասնելով գրեթե 1100-ի:

«Հայկական ժամանակի» տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը անցած աշնանն էր բարձրացրել հարցը՝ Հայաստանը համեմատելով Դանիայի հետ, ուր պետական բյուջեն մոտ 60 անգամ մեծ է հայաստանյանից, սակայն այդ երկրում կա ընդամենը 23 ծառայողական ավտոմեքենա․ - «Իր ունեցած 1100 ավտոմեքենաների սպասարկման միայն ծախսը տարեկան կազմում է մեկ միլիարդ դրամ՝ մոտավորապես երկու միլիոն դոլար»:

Հայաստանի իշխանությունները պատրաստվում են կրճատել նաև պետական համակարգի աշխատակիցներին: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որն էլ պետք է որոշի պետական որ մարմնից քանի աշխատակից կրճատել:

«Մենք եկող շաբաթվանից կսկսենք նիստեր գումարել և ժամանակի ընթացքում կներկայացնենք առաջարկություններ», - ասաց փոխվարչապետը:

Վարչապետ․ Պետք է հավասար պայմաններ ստեղծել բոլոր ներկրողների համար

Գաբրիելյանը նոր էր ավարտել իր խոսքը, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարություն տվեց Էկոնոմիկայի նախարարին՝ կազմել հուշաթերթ, որպեսզի ներկրողներին պարզ լինի, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ պետական մարմիններում արհեստական խոչընդոտների չհանդիպելու համար․ - «Պետական եկամուտների կոմիտեին նաև հանձնարարություն, որպեսզի հարկային և մաքսային հավասար պայմաններ ստեղծեն բոլոր ներկրողների համար: Դա լինելու է վերահսկողության ծառայության ներքո: Ստուգելու են և անպայման շաբաթ մեկ կամ ամիսը մեկ ստուգելու են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG