Այսօր դատարանը դիտեց Ամանորի գիշերը տեղի ունեցածի կադրերը, ինչից հետո Սաֆարյանի փաստաբանը հայտարարեց, որ տեսանյութերը վկայում են, որ ոչ թե Գևորգն է բռնություն կիրառել ոստիկան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ, այլ վերջինս է ծեծի ենթարկել ակտիվիստին:
Դատավարության մեկնարկին միջադեպ արձանագրվեց․ Սաֆարյանի աջակիցներից Էդուարդ Գյոզալյանը հրաժարվեց ոտքի կանգնել դատավոր Մնացական Մարտիրոսյանի մուտքի ժամանակ, ինչի համար դատավոր Մնացական Մարտիրոսյանը նախ նախազգուշացրեց, ապա և դահլիճից հեռացրեց նրան:
Դատական կարգադրիչները ուժի գործադրմամբ՝ հրելով տարեց տղամարդուն հանեցին դահլիճից:
«Էս դատավորը աշխարհի ամենաանարդար դատավորն ա: Բոլոր հայրենասերներին սա դատել ա շատ խիստ ձևով: Եթե Գևորգին են դատում, ուրեմն էն հանցագործները, գողերը սաղ ջիպերով ման են գալի: Էս տեսակ անարդարություն ով է տեսել․․․ Էս դատարա՞ն ա, թե՞ կրկես ա», - լրագրողներին ասաց Գյոզալյանը:
Ոտքի չկանգնեց նաև ակտիվիստ Վարդգես Գասպարին: Նա ամոթանք էր տալիս Մնացական Մարիտիրոսյանին, իսկ միջանցքում հիշեցրեց, որ հենց Մարտիրոսյանն է ժամանակին դատել Շանթ Հարությունյանին, Մարտի 1-ի գործով անցնող ընդդիմադիրներին․ - «Ոստիկանին հրելու համար հենց էս Մնացական Մարտիրոսյանը դատապարտել ա 4 տարվա ազատազրկման, իսկ Պողոս Պողոսյանին դաժանաբար սպանելու համար Աղամալ Հարությունյանին՝ ընդամենը 2 տարի պայմանական ազատազրկման: Սա ծաղր ա արդարադատության նկատմամբ: Եվ նվազագույնը նա է, որ պետք է քաղաքացին իր վերաբերմունքը արտահայտի, որ չի հարգում, չի հանդուրժում այս անարդարությունը»:
Ընդմիջումից հետո, սակայն, Վարդգես Գասպարիին այլևս թույլ չտվեցին մտնել դահլիճ․ ի նշան բողոքի նա պառկեց հենց դռան առջև: Երբ նիստն արդեն սկսվել էր, կարգադրիչները նրան հարկադրաբար, գրկած իջեցրին՝ թողնելով շենքի առջև: Մոտ երկու ժամ ընդդիմադիր ակտիվիստը արևի տակ պառկած բողոքի ակցիա էր անցկացնում դատարանի բակում:
Իսկ Գևորգ Սաֆարյանին համակիրները վանկարկումներով ու ծափերով դիմավորեցին:
Արդեն վեցերորդ ամիսը ճաղերի հետևում գտնվող Գևորգը դատավարության ընթացքում էլ կշարունակի անազատության մեջ մնալ: Մոտ մեկ ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո դատավորը մերժեց փաստաբան Տիգրան Հայրապետյանի հերթական միջնորդությունը՝ փոխել խափանման միջոցը, գոնե գրավ կիրառել:
Կողմերն առավոտից դիտում էին Ամանորի գիշերվա կադրերը, ինչից հետո էլ փաստաբանը պնդեց, որ Գևորգը րոպե առաջ պետք է ազատ արձակվի․ - «Կադրերից երևում է, թե ինչպես են ոստիկանները հաշվեհարդար տեսնում քաղաքացիների նկատմամբ: Ոստիկանները ծեծի են ենթարկում Սաֆարյանին, սակայն մեղադրանքի կողմին սա ընդհանրապես չի հուզում»:
Գևորգ Սաֆարյանը շարունակեց՝ ինչո՞ւ չեն առգրավվել տարածքի տեսախցիկների ժապավենները, որտե՞ղ են մի քանի ոստիկանների նկարահանած կադրերը՝ եզրակացնելով․ - «Սա քաղաքական գործ ա»:
Նաև Շանթ Հարությունյանի դեմ ցուցմունք տված ոստիկանը, այս գործով տուժող Գեղամ Խաչատրյանը դատարանի առջև պնդեց՝ Գևորգը հարվածել է իրեն: Մանրամասնորեն նկարագրելով իրադարձությունները՝ արդեն Գևորգի և փաստաբանի հետ հարցուպատասխանի ժամանակ ոստիկանը հիմնականում ասում էր, թե չի հիշում, օրինակ, ինչպես է հասել հիվանդանոց, ով է իրեն ուղեկցել, երբ է արնահոսել հոնքը և այլն:
Դատավարությունը շարունակվելու է հաջորդ շաբաթ, մեղքը հաստատվելու դեպքում Գևորգը կարող է ազատազրկվել մինչև հինգ տարով: