Ըստ մեղադրանքի, Հովհաննիսյանը, բռնություն գործադրելով, դիտավորյալ խոչընդոտել է «Ազատության» լրագրողի և օպերատորի լիազորությունների իրականացմանը, հրել և քաշքշել է լրագրողին, թքել է վրան։
«Ազատության» լրագրող Անուշ Մկրտչյանն ու օպերատոր Գարիկ Ազիբեկյանը դատարանում պատմեցին, թե դեկտեմբերի 6-ին ինչ է տեղի ունեցել: Այդ ընթացքում ամբաստանյալը պարբերաբար միջամտում էր․ մեկ նշում, որ լրագրողին չի քաշքշել, մեկ ասում, թե լավ է արել։
Այսօր գործով յոթ վկաներից հինգը հարցաքննվեցին։ Նրանք հիմնականում նշում էին, թե «Այո»-ի շտաբ էին եկել բուտերբրոդներ պատրաստելու համար: Ասում էին, թե շատ քիչ բան են հիշում այդ օրը կատարվածից։ Մեղադրող Գևորգյանը վկաներին հերթով հիշեցնում էր իրենց նախաքննական ցուցմունքները:
Վկաներից միայն Թամարա Ասատրյանը նշեց, որ տեսել է, թե ամբաստանյալն ինչպես է լրագրողին խոչընդոտում ու թքում նրա վրա։ Ասաց, որ կնոջը չի ճանաչել, բայց քանի որ ամբողջն իրենց տարածքում է կատարվել, անձամբ Անուշ Մկրտչյանից ներողություն է խնդրել։
Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 20-ին։