Դատավոր Արթուր Մկրտչյանը, առանց կողմերի կարծիքը հարցնելու, որոշեց, որ նիստը չպետք է տեսանկարահանվի։
Քանի որ ամբաստանյալը միջնորդել էր, որ դատն արագացված կարգով ընթանա, և իր մեղքն ամբողջությամբ ընդունում էր, ապացույցներ չուսումնասիրվեցին։
Դատախազ Գևորգյանը ներկայացրեց, թե Ասատրյանը դեկտեմբերի 6-ին ինչպես է մոտեցել «Այո» շտաբի մոտ կանգնած լրագրողին ու փորձել թույլ չտալ, որպեսզի նկարահանում իրականացվի՝ եզրակացնելով, որ այդպիսով ամբաստանյալը խոչընդոտել է զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցչի աշխատանքը:
Ասատրյանի փաստաբան Վարուժան Վարդանյանը պարզաբանեց, թե իրականում իր պաշտպանյալը ոչ թե փորձել է խոչնդոտել լրագրողի աշխատանքը, այլ պարզապես չի ցանկացել նկարահանվել, և շարունակեց․ - «Նա [Ասատրյանը] պետք է հասկանար, որ դա կատարվում է ընտրությունների տեղամասին մոտ տարածքում, որտեղ իր գործողությունները ինքը պետք է ավելի գիտակցված աներ»:
Լրագրող Անուշ Մկրտչյանը, մինչդեռ, իր ցուցմունքում նշել է, որ նրան նկարահանելու մտադրություն չի ունեցել, Ասատրյանը կադրում չի էլ եղել ու մյուս մայթից նկատելով տեսախցիկը՝ իրեն է մոտեցել։
Դատախազ Գևորգյանը պահանջեց պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի՝ 600 հազար դրամի չափով։
Ասատրյանի փաստաբան Վարուժան Վարդանյանը դատարանից խնդրեց ավելի մեղմ պատիժ սահմանել՝ հաշվի առնելով այն, որ նա նախկինում դատվածություն չի ունեցել, հարևաններն էլ ամբաստանյալին որպես դրական անձ են բնութագրում։