Բունդեսթագի խոսնակը քննադատում է Թուրքիայի նախագահին

Գերմանիա - Նորբերթ Լամերթը ելույթ է ունենում Բունդեսթագում, արխիվ

France-Presse-ը նկատում է, որ Լամերթը Էրդողանին քննադատում է Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունից երկու շաբաթ առաջ:

Գերմանիայի Բունդեսթագի նախագահը կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ավտոկրատ հավակնությունների համար։

Suddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում Նորբերթ Լամերթն ասել է, թե ցավոք, Թուրքիայի նախագահի ավտոկրատ հավակնություններով քայլերը մի շարք միջոցառումների մասն են կազմում, որոնք գնալով հեռանում են ժողովրդավարության չափանիշներից։

Բունդեսթագի խոսնակի մեկնաբանությունները վերաբերում են Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու Էրդողանի պլաններին։ Ընդդիմախոսները նշում են, որ դրա նպատակը ընդդիմադիր պատգամավորների վրա ճնշում գործադրելն է։ Անցած երեքշաբթի Թուրքիայի խորհրդարանի մեծամասնությունը հավանություն է տվել պատգամավորների անձեռնմխելիությունը սահմանափակելու նախագծին, և այն քվեարկության է դրվելու երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար։

France-Presse-ը, իր հերթին, նշում է, որ Նորբերթ Լամերթը Էրդողանին քննադատում է Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունից երկու շաբաթ առաջ։ Հունիսի 2-ին քվեարկության դրվող նախագիծը վերնագրված է՝ «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի բանաձև»: Բանաձևը ներկայացրել են կանցլեր Անգելա Մերկելի իշխող կոալիցիայի կրտսեր գործընկեր սոցիալ-դեմոկրատների և կանաչների կողմից: Սակայն բանաձևի վերջնական տեքստը դեռ պատրաստ չէ:

Քվեարկությունը կարող է սրել Բեռլինի և Անկարայի հարաբերությունները: Անցյալ տարի Էրդողանը խստորեն քննադատեց Բեռլինին, երբ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը մեկուկես միլիոն հայերի կոտորածները բնորոշեց ցեղասպանություն: