Մատչելիության հղումներ

Թուրքիան առանձին հայտարարություններով դատապարտել է Օբամային, Օլանդին, Պուտինին, Գաուկին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իրենց կանանց հետ, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իրենց կանանց հետ, արխիվ

Թուրքիան առանձին-առանձին հայտարարություններով դատապարտել է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի նախագահների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությունները։

Անդրադառնալով Բարաք Օբամայի ուղերձին՝ Թուրքիան պնդում է, որ այն որևէ կապ չունի փաստերի հետ, և որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցածը նույնքան զգայուն խնդիր է և թուրքերի, և հայերի համար։

ԱՄՆ-ի նախագահը այս տարի ևս իր ապրիլքսանչորսյան ուղերձում խուսափել էր կիրառել «ցեղասպանություն» տերմինը՝ այն փոխարինելով «Մեծ եղեռն» ձևակերպամամբ։ Օբաման նաև ողջունել էր Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունն այն մասին, որ 1915-ին տեղի ունեցածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, սակայն այդ համատեքստում հիշատակել էր նաև «թուրք և հայ պատմաբանների տեսակետները»:

«Մենք մերժում ենք արդարության այս ընտրովի և կողմնակալ ընկալումը»,- ի պատասխան հայտարարում է Թուրքիայի արտգործնախարարությունը։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2014 թվականի ապրիլի 23-ի ցավակցական ուղերձը [վարչապետության ժամանակ] և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի երկու հայտարարությունները հունվարի 20-ին և ապրիլի 20-ին մանրամասնորեն արտացոլում են Թուրքիայի դիրքորոշումը այս հարցում։ Այդ հայտարարությունները անկեղծ կոչ են առանց ժխտման կիսելու անցյալի տառապանքները՝ ճշգրիտ բնորոշումներով և վերաբերմունքով»։

Թուրքիային նաև զայրացրել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Երևան և նրա հայտարարությունները։

«Ֆրանսուա Օլանդը մասնակցեց Երևանում ապրիլի 24-ի միջոցառմանը, որը փոխանակ անցյալի կորուստների ոգեկոչման արարողություն դառնար, վերածվեց Թուրքիայի ինքնությունը, պատմություն և հասարակությունը զրպարտող մի առիթի։ Ցավալի է, որ նա ևս մեկ անգամ վերահաստատեց իր աջակցությունը հայկական ազգայնական մեկնաբանությանը»,- հայտարարում է Թուրքիան՝ «միանշանակ մերժելով և դատապարտելով Ֆրանսիայի անարդար և կողմնակալ վերաբերմունքը»։

Թուրքիան նաև նշում է՝ Օլանդից ակնկալում էին, որ երևանյան միջոցառումների ժամանակ գոնե կընդուներ, որ Օսմանյան կայսրության քաղաքացիները, անկախ իրենց ազգությունից և կրոնական պատկանելությունից, կայսրության փլուզման ընթացքում ողբերգական տառապանքներ են կրել.- «Ֆրանսիան, դժբախտաբար, նախընտրեց շարունակել իր խտրական մոտեցումը»։

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը նաև դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունները։

Միաժամանակ, չնայած այս խիստ քննադատությանը, Թուրքիան ետ չի կանչել իր դեսպաններին Հայոց ցեղասպանության փաստը ճանաչած Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ինչպես արել էր Վատիկանի և Ավստրիայի պարագայում։

Այսօր էլ Թուրքիայի արտգործնախարարությունը հերթական դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախօրեին Բուլղարիայի խորհրդարանի ընդունած հռչակագրի կապակցությամբ, որում 1915 թվականի իրադարձությունները որակված են զանգվածային կոտորած, իսկ ապրիլի 24-ը՝ Զոհերի հիշատակման օր, ընդ որում՝ ցեղասպանություն բառը բանաձևում տեղ չի գտել միայն քվեարկությունից անմիջապես առաջ երկրի վարչապետ Բոյկո Բորիսովի միջամտության արդյունքում:

Պաշտոնական Անկարան պնդում է, թե բուլղարական խորհրդարանի որոշումը զրպարտություն է, նախաձեռնության համար մեղադրել է «ծայրահեղ ազգայնական, այլատյաց, ռասիստական» ATAKA կուսակցությանը և վստահեցրել, որ ընդունված փաստաթուղթը բացասական ազդեցություն կունենա երկու երկրների հարաբերությունների վրա:

Նշենք, որ Բուլղարիայի խորհրդարանը հռչակագիրն ընդունել է ձայների 157 կողմ և 36 դեմ հարաբերակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG