Վաշինգտոնում հույս ունեն, որ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիև միջև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական լուծմանն ուղղված բանակցությունները կմեկնարկեն արդեն հաջորդ ամիս, ինչը թույլ կտա անցյալում թողնել հակամարտության գոտում առկա ստատուս քվոն: Այս մասին երեկ ուշ երեկոյան Միացյալ Նահանգների մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջոն Քըրբին:
«Երկու նախագահները, մեր կարծիքով, ստատուս քվոյից առաջ շարժվելու և այնպիսի քայլերի դիմելու քաղաքական կամք են դրսևորում, որոնցից կարող է շահել տարածաշրջանի ողջ բնակչությունը: Երկու նախագահներն էլ հրադադարը հարգելու, փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնառություն են ստանձնել, ինչպես նաև [պայմանավորվել են] հաջորդ ամիս բանակցություններ սկսել, որոնք պետք է հանգեցնեն հարցի համապարփակ կարգավորմանը», - հայտարարում էր Ջոն Քըրբին` պատասխանելով հայաստանյան Առաջին ալիքի լրագրողի հարցին:
Պետդեպարտամենտի խոսնակի պնդմամբ՝ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները իրագործելու հարցում ամերիկյան դիվանագիտությունը պատրաստ է լրջորեն աջակցել հակամարտության կողմերին:
«Ինչպես արդեն հայտարարել է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները պատրաստ է իր կարողությունների չափով աջակցել [կողմերին]: Այնպես որ, մեր կարծիքով, Վիեննայում կայացած բանակցությունները դրական բնույթ ունեին, և այժմ բոլորը պետք է լրջորեն աշխատեն, որպեսզի ստանձնված հանձնառությունները կյանքի կոչվեն», - հայտարարում էր Քըրբին:
Բանակցությունների հունիսյան փուլի հետ լուրջ հույսեր է կապում նաև այն կազմակերպությունը, որի հովանու ներքո արդեն ավելի քան երկու տասնամյակ է ինչ շարունակվում է կարգավորման գործընթացը` ԵԱՀԿ-ն:
Երեկ երեկոյան Վիեննայի բանակցությունների արդյունքները հատուկ հայտարարությամբ ամփոփել է ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Շփման գծի երկայնքով իրադրությունը շարունակում է լարված մնալ, և ինձ խոր ցավ են պատճառում մարդկային կորուստների մասին [հակամարտության գոտուց] ստացվող տեղեկությունները: Կոչ եմ անում կողմերին անվերապահորեն հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը», - նշում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը` հավելելով․ - «Դրա հետ մեկտեղ, գոհունակությամբ արձանագրում եմ, որ նախագահները մեկ անգամ ևս պարտավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը, հարցը լուծել խաղաղ ճանապարհով, ինչպես նաև հունիս ամսին բանակցությունների նոր փուլ սկսել»:
«Գերմանիան՝ որպես 2016 թվականին ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնած պետություն, շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի համանախագահներին աջակցելու հանձնառությանը: Բացի այդ, մենք ակտիվորեն աջակցում ենք [շփման գծի երկայնքով ] միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև իմ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի թիմի թվաքանակի մեծացմանը», - նշում է Շտայնմայերը:
ԵԱՀԿ-ի գործող նախագահի հայտարարությունից նաև տպավորություն է ստեղծվում, որ Շտայնմայերը կողմ է, որպեսզի բանակցային գործընթացում քայլերի որոշակի հաջորդականություն սահմանվի:
«Ռազմական գործողությունների` ապրիլին տեղի ունեցած էսկալացիան մեզ մեկ անգամ ևս հուշում է, որ հարկավոր է կրկնապատկել բանակցային փակուղուց դուրս գալուն ուղղված ջանքերը: Թիվ մեկ առաջնահերթությունը հրադադարի պահպանումն է: Պակաս կարևոր չէ, սակայն, այն նպաստավոր պայմանների ստեղծումը, որոնք հնարավորություն կտան շարունակել համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցությունները», - հայտարարում է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Գերմանիայի արտաիքն գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: