Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախարարը հայտարարություն է տարածել Սարգսյան-Ալիև հանդիպման կապակցությամբ


ԵԱՀԿ գործող նախագահ և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, արձագանքելով Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը, այսօր հայտարարել է, որ անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը բանակցային փակուղուց դուրս գալու համար:

«Ռազմական գործողությունների սրացումը ապրիլին մեզ կրկին հիշեցրեց, որ կրկնապատիկ, շարունակական ջանքեր են անհրաժեշտ փակուղուց դուրս գալու համար: Հրադադարի ամրապնդումը առաջնային կարևորության հարց է, որը բարենպաստ պայմաններ կստեղծի համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար»,- ասել է Շտայնմայերը:

«Ես ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի իմ գործընկերների նախաձեռնությունը, ովքեր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ մայիսի 16-ին հանդիպում անցկացրեցին: Ես ոգևորված եմ այն վերահաստատված հանձնառությամբ, որ երկու նախագահներն են արտահայտել հրադադարի և հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ, ինչպես նաև նրանց՝ հունիսին նոր բանակցություններ անցկացնելու պատրաստակամությամբ:

Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ն նախագահող երկիր շարունակում է ամբողջովին աջակցել համանախագահների ջանքերին: Մենք ակտիվորեն պաշտպանում ենք հետաքննության մեխանիզմ հիմնելու ջանքերը: Մենք նաև կաշխատենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի թիմը ընդլայնելու ուղղությամբ»,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG