Միլս․ ԱՄՆ-ն ջանքեր է գործադրելու՝ ԼՂ խնդրի կարգավորման համար

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը պատասխանում է լրագրողների հարցերին, 18-ը մայիսի, 2016թ․

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը դրական է գնահատում ԼՂ հարցով Վիեննայում ձեռք բերված համաձայնությունները:

ԱՄՆ կառավարությունը ջանքեր է գործադրելու, որպեսզի հունիսին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը հանգեցնի Լեռնային Ղարաբաղի խնդրի համապարփակ կարգավորմանը: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Կարծում եմ՝ երկուշաբթի Վիեննայից ստացված լուրերը շատ դրական էին: Ձեռքբերում էր այն, որ երկու կողմերն էլ վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ պահպանել զինադադարի մասին 1994-1995թթ․ համաձայնագրերը: Կարծում եմ նաև, որ Վիեննայում ձեռք բերված համաձայնությունը՝ առաջ շարժվելու և շփման գծի երկայնքով հետաքննող մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ, դրական քայլ է, որը բարի կամք և վստահություն է ստեղծում:

Եվ վերջապես, պատրաստակամությունը՝ կրկին հանդիպել հունիսին և շարունակել քննարկումները, շատ կարևոր է ու լավատեսություն է ներշնչում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԱՄՆ կառավարությունը շարունակելու են աշխատել երկու կողմերի հետ, որպեսզի հունիսին կայանալիք հանդիպումը լինի արդյունավետ, դրական և հանգեցնի Լեռնային Ղարաբաղի խնդրի համապարփակ կարգավորմանը՝ այն, ինչ մենք բոլորս ցանկանում ենք»,- հայտարարեց ԱՄՆ դեսպանը:

Մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարների տարածած հայտարարությունում նշվում էր, որ նախագահները վերահաստատել են հրադադարի պահպանման և հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունը, համաձայնել են հնարավորինս սեղմ ժամկետում վերջնականացնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմը և համաձայնել են բանակցությունները վերսկսելու համար կրկին հանդիպել հունիսին:

Ըստ ԱՄՆ դեսպանի, կոռուպցիան Հայաստանում լուրջ խնդիր է մնում

Ռիչարդ Միլսի հետ լրագրողներն այսօր զրուցելու հնարավորություն ունեցան Երևանում կայացած հայ-ամերիկյան գործարար համաժողովի ընթացքում, որի նպատակը, ըստ դեսպանի, ամերիկյան ընկերություններին Հայաստանի շուկա բերելն է:

«Վերջին տասնամյակի ընթացքում Հայաստանում իրականացվել են բարեփոխումներ, որոնք հնարավորություն են տալիս այստեղ գործարարությամբ զբաղվել: Բարեփոխումներ են եղել հարկային, մաքսային ոլորտներում, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ուղղությամբ:

Այդ ամենի արդյունքում ականատես ենք եղել, որ ամերիկյան ընկերությունները լուրջ ներդրումներ են կատարել Հայաստանում՝ ներառյալ անցած տարի «Որոտան» կասկադի ձեռքբերումը: Բայց, ինչպես ասել եմ, և անցած շաբաթ Հայաստանի վարչապետն էլ խոսեց այդ մասին, այստեղ կոռուպցիայի հարցը մնում է լուրջ խնդիր, և ամերիկյան այն ընկերությունները, որոնք հայացք են նետում հայաստանյան շուկային, պետք է հասկանան, թե ինչպես են լուծելու այդ խնդիրը»,- ասաց դեսպանը: