Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով մեկնում է Վիեննա, որտեղ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ, տեղեկացնում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Մայիսի 12-ին, հիշեցնենք, Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, թե ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն, նշելով, որ դա հնարավոր կլինի իրականացնել հաջորդ շաբաթ Վիեննայում, և հիմնական նպատակը կլինի ամրապնդել հրադադարի ռեժիմը և համաձայնություն ձեռք բերել վստահության կառուցման գործում:
Հաջորդ օրը Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հաղորդեց, որ պետքարտուղար Ջոն Քերրին մայիսի 16-17-ը այցելելու է Վիեննա, որտեղ ԱՄՆ-ը Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։