«Ազատություն». - Պարոն Խանումյան, հրադադարի ձեռքբերումից ավելի քան մեկ ամիս անց Լեռնային Ղարաբաղում դժգոհում են հրադադարի ձևաչափից։ Ինչո՞ւ են այդ մասին մտահոգվում հիմա և ոչ թե այն պահին, երբ Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավարները՝ առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի մասնակցության։
Հայկ Խանումյան. - Չէ, մտահոգությունները կային դեռևս ապրիլի 5-ին: Ավելի շատ սկզբից զայրույթ կար, այնուհետև՝ մտահոգություններ, քննադատություններ և այլն, քանի որ այդ ընթացքում ակտիվ շփումներ էր, այդ թվում՝ հայաստանյան իշխանությունների հետ՝ տարբեր այցեր, խորհրդարանականների, Հայաստանի նախագահի և այլն, այդ ամենը հնարավորություն կար անմիջականորեն ասելու և ոչ թե հրապարակայնորեն։
«Ազատություն». - Բայց պաշտոնապես Ստեփանակերտը որևէ հայտարարությամբ հանդես չի եկել։
Հայկ Խանումյան. - Պաշտոնապես, ճիշտն ասած, չեմ հետևել, համենայն դեպս, լավ կլիներ՝ սկզբից, երբ որ Ադրբեջանը հայտարարեց միակողմանի հրադադար հաստատելու մասին, Արցախը հայտարարեց, որ հրադադար հնարավոր է միայն մինչև ապրիլմեկյան իրավիճակը վերադառնալու պայմանով, լավ կլիներ, որ արցախյան կողմը պնդեր այդ սկզբունքը և չլիազորեր Հայաստանի գլխավոր շտաբի պետին իր անունից բանավոր համաձայնություն ձեռք բերել։
«Ազատություն». - Ո՞վ է մեղավոր դրա համար։ Դուք ասում ենք՝ պետք է Ստեփանակերտը պնդեր, որպեսզի առանց իր ներկայացուցչի նույնիսկ այդ բանավոր հրադադարի պայմանավորվածությունը ձեռք չբերվեր։ Ո՞վ է դրա համար մեղավոր՝ Ղարաբա՞ղը, թե՞՝ Հայաստանի իշխանությունը։
Հայկ Խանումյան. - Մեղավորը պաշտոնական Երևանն է։ Պաշտոնական Երևանը տարիներ շարունակ փորձել է դուրս մղել Ստեփանակերտին գործընթացներից՝ դրանով իսկ փորձելով մեծացնել իր դերը և, ավելին ասեմ, շատ հաճախ ղարաբաղյան հարցը կարգավորելու լիազորությունները կամ մանդատը Հայաստանի իշխանությունները օգտագործել են որպես լեգիտիմության աղբյուր և ամեն կերպ փորձել են դուրս մղել Արցախին և նվազեցնել Արցախի գործոն լինելը կամ դերակատար լինելն այս գործընթացում։
«Ազատություն». - Նաև ներքին սպառման համա՞ր օգտագործելու, թե՞՝ քաղաքական հարցերում։
Հայկ Խանումյան. - Ինչո՞ւ ոչ, բայց հիմնականում արտաքին քաղաքական հարթությունում, որովհետև այլ բան է, երբ նախագահ Սարգսյանն, օրինակ, գլխավոր բանակցողն է հակամարտությունում, և այլ բան է, երբ կա Հայաստանի Հանրապետության նախագահ, որն ունի քիչ լեգիտիմություն երկրի ներսում, և պատկերացրեք նրա արտաքին կշիռը, նրա հանդիպումները թեկուզ արտաքին աշխարհում, կամ ընդհանրապես միջազգային հարաբերություններում նրա հարաբերվելու մակարդակը։ Հիմնականում ղարաբաղյան հարցը մեծ լեգիտիմություն է տալիս Հայաստանի իշխանություններին, դրա համար էլ Հայաստանի իշխանությունները ձգտում են հնարավորինս շատ Արցախին դուրս մղել գործընթացներից։
«Ազատություն». - Ինչո՞վ է վտանգավոր հրադադարի ձեռքբերումն առանց Ղարաբաղի մասնակցության՝ հաշվի առնելով, որ մենք ականատես եղանք, որ դրանից անմիջապես հետո պաշտոնական Բաքուն անմիջապես փորձեց այն փաստաթուղթը, որ եղել է երկկողմանի հրադադարի պայմանավորվածություն, շրջանառել ՄԱԿ-ում, նաև միջազգային այլ կառույցներում։
Հայկ Խանումյան. - Ադրբեջանի հիմնական նպատակներից մեկն էլ այդ էր՝ այս քառօրյա պատերազմի ընթացքում փորձել փոխել բանակցությունների տրամաբանությունը, ձևաչափը և այլն, որովհետև այն ստորագրությունը, որը կար՝ Արցախի ստորագրությունը 1994 թվականի զինադադարին, հանգիստ չէր տալիս Բաքվին։ Բաքուն ռազմական ձախողումից հետո փորձեց դիվանագիտական ճանապարհով: Բայց պետք է ասել, որ ընդամենը հրադադարի պայմանավորվածություն է եղել, որը տեղի է ունեցել, որպեսզի հումանիտար հարցեր լուծեն կողմերը՝ դիակների փոխանակում իրականացնեն և այլն: Այդ հրադադարը չի գործել, որովհետև արդեն ապրիլի 27-ի թե 28-ի կողմերը ուժեղ հրետանային պատերազմ գնաց՝ մոտավորապես 25 հազար արկ է երկկողմանի կրակվել, հետևաբար՝ 25 հազար խոշոր տրամաչափի հրետակոծության, հրթիռակոծության պայմաններում խոսել հրադադարի գործելու մասին՝ սխալ է։ Ամբողջ էությունն այդ է, և դա էլ հաստատեցին միջազգային դերակատարները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և այլն, որ 1994 թվականի զինադադարը և 1995 թվականի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագիրը մնում են ուժի մեջ։
«Ազատություն». - Այսինքն՝ մտահոգվելու առիթ չկա այս առումով։
Հայկ Խանումյան. - Ընդհանրապես մտահոգվելու առիթ կա, երբ փորձ է արվում Արցախին դուրս մղելով՝ ինչ-որ համաձայնություններ կայացնել։ Փառք Աստծո, որ ընդամենը դա փոքր համաձայնություն էր՝ գլխավոր շտաբերի պետերի մակարդակով, և զինադադարի պայմանագրի չհասավ․ ինչպես նշեցի՝ լուրջ տարբերություն կա զինադադարի և հրադադարի միջև։
Հայկ Խանումյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք այստեղ․