Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանն այսօր կրճատել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին ֆուտբոլի ոլորտում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու ժամկետը՝ 6 տարվա փոխարեն սահմանելով 4 տարվա արգելք: Սպորտային միջազգային դատարանը միևնույն ժամանակ նվազեցրել է ավելի վաղ սահմանված տուգանքը՝ 82,6 հազար դոլարի փոխարեն Պլատինին պետք է տուգանվի 62 հազար դոլարով:
Պլատինին այսօր մեկնաբանել է դատարանի որոշումը՝ այն որակելով «լիովին անարդար»:
«Համաձայնության գալով ազգային ընկերակցությունների հետ, ես հրաժարվում եմ ՈւԵՖԱ-ի նախագահի իմ պարտականություններից, որպեսզի շարունակեմ իմ պայքարը շվեյցարական դատարաններում՝ ապացուցելով, որ ներքաշվել եմ անարդարության մեջ», - հայտարարել է Պլատինին:
Անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին էթիկայի հանձնաժողովը որոշեց 8 տարով կասեցնել Զեպ Բլատերի և Միշել Պլատինիի լիազորությունները: ՖԻՖԱ-ի բողոքարկման հանձնաժողովը, սակայն, քննելով Պլատինիի և Բլատերի դիմումները, փետրվարի 24-ին որոշել էր նրանց գործունեության սահմանափակման ժամկետը նվազեցնել 2 տարով՝ 8 տարվա փոխարեն՝ 6 տարի ժամկետ էր նախատեսել, որի ընթացքում ֆուտբոլի ասպարեզում Պլատինին և Բլատերը զրկված կլինեն որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից:
Բլատերն ու Պլատինին սկանդալային պատմության կենտրոնում հայտնվեցին, երբ հնչեցին մեղադրանքներ, որ 2011 թվականին` ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին ընդառաջ Պլատինիին 2 միլիոն դոլար է փոխանցել ՖԻՖԱ-ի այժմ նախկին նախագահ Զեպ Բլատերը:
Ուշագրավ է, որ Պլատինին հայտարարում է, թե հրաժարականից հետո էլ շարունակելու է պայքարել իր նկատմամբ սահմանված արգելքը վերացնելու համար: Նա մտադիր է դիմել Շվեյցարիայի դաշնային դատարան, սակայն նրա դիմումը դատարանը կարող է քննել միայն այն դեպքում, երբ ներկայացվեն հիմնավոր փաստարկներ, որ սպորտային արբիտրաժային դատարանն այսօր թույլ է տվել ընթացակարգային խախտումներ:
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ «ողջունում է Միշել Պլատինիի աշխատանքը և նրա մարդկային որակները, նա միշտ աշխատել է ի շահ ֆուտբոլի, հատկապես երբ ՈւԵՖԱ-ի նախագահն էր»: