Մատչելիության հղումներ

Բլատերը հայտարարում է, որ շարունակում է մնալ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում


Զեպ Բլատերի և Միշել Պլատինիի լիազորությունները 8 տարով կասեցնելու՝ էթիկայի հանձնաժողովի որոշումից հետո Բլատերը հայտարարել է, թե շարունակում է մնալ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում:

Ցյուրիխում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ 79-ամյա Զեպ Բլատերն ասել է, որ պատրաստվում է էթիկայի հանձնաժողովի որոշումը բողոքարկել ՖԻՖԱ-ի վերստուգիչ հանձնաժողովում, որից հետո՝ Լոզանում գործող սպորտի հարցերով արբիտրաժային դատարանում:

«Այդ հանձնաժողովը նախագահի դեմ գործելու իրավասություն չունի»,- հայտարարել է Զեպ Բլատերը, - «Բայց ես պայքարելու եմ ինձ համար և ես պայքարելու եմ ՖԻՖԱ-ի համար: Ինչի՞ համար են կասեցրել 8 տարով: Ես ՖԻՖԱ-ի ընտրված նախագահն եմ»:

«Ես տխուր էի, բայց հիմա այլևս տխուր չեմ, ես պայքարում եմ», - ասել է Զեպ Բլատերը և պնդել. - «Ես 41 տարի ծառայել եմ սրտով և խղճով»:

Զեպ Բլատերն ու Միշել Պլատինին քրեական գործում ներգրավված են կոռուպցիոն գործարքների մեղադրանքներով: Հոկտեմբերին ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը նրանց լիազորությունները կասեցրել էր 90 օրով:

ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը, պատժամիջոցներ կիրառելով Զեպ Բլատերի և Միշել Պլատինիի նկատմամբ, վկայակոչում է 2011 թվականին` ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին ընդառաջ Պլատինիին 2 միլիոն դոլար փոխանցելու փաստը: Ըստ էթիկայի հանձնաժողովի, Բլատերը չի կարողացել ապացուցել այդ գումարի փոխանցման օրինականությունը, իսկ բանավոր պայմանավորվածության մասին պնդումները հանձնաժողովը հիմք չի համարել:

«Ես ամաչում եմ, որ կա նման հանձնաժողով և նրանք չեն առաջնորդվում իրենց ներկայացրածի ապացույցներով, և ես ձեզ ասում եմ, որ այդ հանձնաժողովն իրավունք չունի գնալ նախագահի դեմ: ՖԻՖԱ-ի նախագահին պաշտոնից կարող է զրկել միայն ՖԻՖԱ-ի համագումարը»,- ասել է Բլատերը և շարունակել․ - «Ես սկզբունքային մարդ եմ, և շարունակում եմ առաջնորդվել այդ սկզբունքներով: Դրանք են՝ երբեք չվերցնել չվաստակած գումարը, երկրորդը՝ վճարել պարտքերը: Բայց հիմա նրանք ասում են, թե «դու փորձել ես գնել Միշել Պլատինիի ձայները 2011 թվականի ընտրությունների համար»:

ՖԻՖԱ ի էթիկայի հանձնաժողովը 2008 թվականին Բլատերի և Պլատինիի դեմ որոշումներ կայացրեց, երբ արդեն հարուցվել էր քրեական գործ:

Շվեյցարացի իրավապահները շարունակում են քննությունը 2018 և 2022 թվականների ֆուտբոլի աշխարհի առաջնությունները Ռուսաստանում և Քաթարում անցկացնելու որոշումների կապակցությամբ։

Պաշտոնեական դիրքը չարաշահելու և կոռուպցիոն սկանդալներում ներգրավված լինելու մեղադրանք է առաջադրվել 27 անձանց, 12-ը դատապարտվել են:

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները նշանակված են փետրվարի 26-ին, առաջադրվել է 5 թեկնածու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG